Մատչելիության հղումներ

Ռուսաստանը նշում է Ստալինգրադյան ճակատամարտի 75-ամյակը


Ռուսաստան - Վոլգոգրադը պատրաստվում է Ստալինգրադի ճակատամարտի 75-ամյակին նվիրված զորահանդեսին, 2-ը փետրվարի, 2018թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վոլգոգրադում (նախկին Ստալինգրադ) ներկա կլինի Երկրորդ աշխարհամարտի ամենաարյունալի ճակատամարտերից մեկի՝ Ստալինգրադյան ճակատամարտի 75-ամյակին նվիրված արարողությանը:

Ենթադրվում է, որ հանդիսավոր զորահանդեսին կմասնակցեն 75 հրասայլեր, խորհրդանշելով ճակատամարտից անցած 75 տարիները: Վոլգոգրադի կենտրոնական հրապարակում տեղի կունենա 1500 զինծառայողների շքերթ, իսկ քաղաքի վրայով կանցնեն 50 օդանավեր:

Ցարիցին քաղաքը 1925 թվականին են անվանել Ստալինգրադ՝ ի պատիվ ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի:

5 ամիս տևած Ստալինգրադի ճակատամարտը համարվում է Երկրորդ աշխարհամարտի ամենածանր ճակատամարտներից: Այն ավարտվել է նացիստական Գերմանիայի գրեթե 100 հազար զինծառայողների, այդ թվում՝ ֆելդմարշալ Ֆրիդրիխ Պաուլյուսի գերեվարմամբ:

Ճակատամարտի ընթացքում Ստալինգրադը գրեթե ամբողջությամբ ավերվել է, զոհվել են հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ: Ենթադրվում է, որ խորհրդային բանակը մոտ 480 հազար զինծառայող է կորցրել, իսկ ֆաշիստական Գերմանիան՝ մոտ 900 հազար:

1942 թվականի հուլիսից մինչև 1943-ի փետրվարի 2-ը տևած Ստալինգրադյան ճակատամարտը պատմաբանները համարում են բեկում, որից հետո ի հայտ է եկել Խորհրդային Միության և դաշնակիցների առավելությունը: 1945 թվականի մայիսի 9-ին պատերազմն ավարտվել է Գերմանիայի լիակատար ջախջախմամբ:

Խորհրդային բռնապետ Ստալինի հանցանքների բացահայտումներից հետո սկսվել է նրա անձի պաշտամունքի դեմ պայքարը, որի ընթացքում 1961 թվականին քաղաքը վերանվանել են Վոլգոգրադ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG