Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանի առաջադրումը իշխանությանը մարդկային դեմք տալու երկրորդ փուլն է. Թաթուլ Հակոբյան


«Սիվիլնեթ»-ի մեկնաբան Թաթուլ Հակոբյանը «տրամաբանական է» համարում Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի արտերկրյա առաջին այցը Ռուսաստան՝ նշելով, որ Մոսկվան, ըստ էության, այսօր էլ «Հայաստանի համար «պոլիտբյուրո» է»։

«Պարտադիր է, որ Հայաստանը՝ լինելով Ռուսաստանի փոքր գործընկերը, բայց, եթե ուզում եք, որ իրերն անվանեմ իրենց անուններով՝ կախված երկրներից մեկը, ես չեմ ուզում օգտագործել վասալային բառը, որովհետև դա վիրավորանք է նաև մեր հասցեին, մենք այս երկրի քաղաքացիներն ենք՝ կապված լինելով հազար թելերով Կրեմլից՝ և՛ երկիրը, և՛ գործիչները տնտեսապես, քաղաքականորեն, հոգեբանորեն, շատ տրամաբանական է, որ Մոսկվա պետք է գնար, բա էլ ո՞ւր պետք է գնար։ Կար «պոլիտբյուրո», «քաղբյուրո»՝ դա Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության այն փոքր շրջանակն էր, որը Խորհրդային Միության տարածքում որոշում էր ամեն ինչ՝ կարևորագույն հարցերը։ Մոսկվան, ըստ էության, այսօր էլ Հայաստանի համար «պոլիտբյուրո» է։ Բայց նաև բերեք շատ չկարևորենք մոսկովյան այցը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հակոբյանը։

Նշենք, որ Արմեն Սարգսյանի գրասենյակը երեկ տեղեկացրեց, որ Հանրապետական կուսակցության առաջադրած նախագահի թեկնածուն մեկնել է Ռուսաստան՝ հանդիպելու հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

«Ազատության» հետ զրույցում նշելով, որ Հայաստանի 4-րդ նախագահի շուրջ գործընթացները ձևական են, Հակոբյանն ասաց՝ այդ գործընթացով իշխանություններն ընդամենը փորձում են ցույց տալ և պահել Հայաստանի ժողովրդավարական իմիջը։

«Բերեք շատ չկարևորենք Հայաստանի նախագահին՝ անկախ նրանից, թե ով կլինի այդ նախագահը, թեև արդեն սցենարը պարզ գծված է, որովհետև Հայաստանում այլևս նախագահ չկա, որովհետև Հայաստանը նախագահ չի ընտրում, Հայաստանի նախագահ ընտրում է մեկ մարդ և այս մարդու անունն է Սերժ Սարգսյան, ում հայ ժողովուրդը վստահության մանդատ չի տվել, բռնություններով և կեղծիքներով ուղեկցված մեկը՝ իհարկե Մարտի 1-ի ողբերգությամբ ուղեկցված ընտրություններով: Հետևաբար՝ այս ամեն ինչին պետք չի շատ քաղաքական հայացք տալ, քաղաքական կարևորություն տալ, սա ձևական մի գործընթաց է, որով որ փորձում են ցույց տալ և պահել Հայաստանի իբր ժողովրդավարական իմիջը, լուրջ մարդիկ այլևս սրան լուրջ չեն վերաբերվում», - ասաց Թաթուլ Հակոբյանը։

Դիտարկմանը, թե ասում են՝ ուսյալ գործիչ է, մականունավոր չէ, կրիմինալ անցյալ չունի, մյուս կողմից՝ կա տեսակետ, որ ընդամենը շղարշ է, ծխածածկույթ՝ ապրիլին Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունն ավելի սահուն, ավելի ցիվիլ կազմակերպելու համար, մեկնաբանն այսպես արձագանքեց. - «Առանց վիրավորանք հասցնելու, ես էլ համաձայն եմ, որ իրոք նա մականունավոր չէ և նա շատ պարկեշտ անձնավորություն է, այս ամենը կա, բայց այն պահից, երբ որ արդեն նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հայտարարում է, որ ինքը դեմ չի եղել Հայաստանի իշխանությունների քաղաքականությանը, անուղղակիորեն մաս է կազմում այդ ամեն ինչին՝ ուզած-չուզած, ինքը երբևիցե ձայն չի հանել 90-ական թվականներից Հայաստանում իրականացված բազմաթիվ աղաղակող կեղծիքներին, այդ թվում՝ ընտրակեղծությանը, «Հոկտեմբերի 27»-ին, «Մարտի 1»-ին, համատարած վերից վար կոռուպցիային և այլ»։

Հակոբյանը Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրումը «իշխանությանը մարդկային դեմք տալու երկրորդ փուլն է համարում»։

«Սա իշխանությանը մարդկային դեմք տալու երկրորդ փուլն է։ Առաջին փուլը վարչապետն էր՝ գեղեցիկ արտաքինով, ինչպես այն ժամանակ էին ասում՝ 80 քանի տոկոս կանանց շրջանում վստահություն վայելող, սեր ու հարգանք վայելող։ Հիմա երկրորդ փուլին են անցել, բայց իրականում տակը պետք է նայել, թե տակն ի՞նչ կա էս ամենի։ Էս ամենի տակը Սերժ Սարգսյանի իշխանության շարունակությունն է, որը կշարունակվի այնքան ժամանակ, ինչքան որ Աստված նրան կյանք կտա։ Սա նոր երևույթ չէ մեր ժամանակների պատմության համար, քաղաքական պատմության, պետական գործիչների համար, ովքեր իշխանության են գալիս և չեն հեռանում, նրանք կամ հեռանում են կյանքից, որովհետև մենք բոլորս մահկանացու ենք, կամ՝ տապալում են նրան», - ասաց մեկնաբանը։

Հարցազրույցն ամբողջությամբ տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG