Մատչելիության հղումներ

«Մենք չէինք տեսել կռիվ, չէինք տեսել մահ, չէինք տեսել արյուն»


Վանաձորցի 21-ամյա Վաժիկ Համբարյանը մեկ տարի առաջ է զորացրվել բանակից, բայց դեռ ականջներում լսվում են 2016-ի ապրիլյան պատերազմի ականների ձայները։

Պատմում է՝ ապրիլի երկուսին Մատաղիսում տագնապի ազդանշանից են արթնացել, բայց կարծել են՝ ուսումնական վարժանքներ են, մինչև հակառակորդի գործի գցած հրետանու արկերն իրենց են հասել։

«Մենք չէինք տեսել կռիվ, չէինք տեսել մահ, չէինք տեսել արյուն, չէինք պատկերացնում, թե պատերազմ ասվածը ինչ է», ֊ պատմում է նա:

Հրետակոծության ընթացքում, մինչ հրաման կստանային վերադասից, աղոթել են, պատմում է Վաժիկը։

Վիրավորվել է արկի բեկորներից: Մինչև այսօր էլ մանր բեկորներ կան մարմնում, բայց բժիշկները եզրակացրել են, որ ողնաշարի մոտ և ոտքերին ստացած բեկորային վիրավորումն աննշան է, ասում է մայրը՝ Իրինա Գուսենկոն․ ֊ «Եզրակացությունը գրած ա, որ վիրավորելուց հետո ֆունկցիայի աննշան խանգարումով, որովայնի սպիտակ գծի ճողվածքով իրան տարել են ընդեղ, բայց ընդեղ պետք ա վիրահատեին՝ չեն վիրահատել: Ինքը էկավ ստեղ, բուժումը ստացավ իրա էդ վիրավորումները: Բժշկին ես գնացի, խնդրեցի՝ ասի իրա ճողվածքը վիրահատեք, նոր ուղարկեք: Ասավ՝ մենք իրավունք չունենք էսքան օրից ավել պահելու, թող ինքը գնա, մենք կնշենք, որ ինքը ընդեղ էդ վիրահատությունը կատարվի: Բայց էդ վիրահատությունը չկատարվեց»:

Վիրավորվելուց հետո երեք ամիս բուժում է ստացել ու զինվորական ծառայությունը շարունակելու համար տեղափոխվել Թալիշի պաշտպանական դիրքեր։ Մայրը պնդում է՝ առանց այն էլ սթրեսի ենթարկված որդու նյարդերն ավելի են թուլացել։

Այս ամենը հաղթահարելուց հետո Վաժիկը մեկ տարի առաջ զորացրվել է բայց ոչ թե որպես ապրիլյան պատերազմի մասնակից, այլ նշումով, թե վիրավորում է ստացել։

Մի քանի օրից Վաժիկը կգնա ծառայության ընթացքում ստացած ճողվածքի վիրահատության։ Պաշտպանության նախարարությունը տվել է նրան անվճար վիրահատվելու իրավունք, սակայն մեկ սենյականոց բնակարանում չորս անձով բնակվող ընտանիքը մտահոգվում է, որ դրանից հետո նրա բոլոր բուժումները կլինեն վճարովի։ Հատուկ հանձնաժողովը մերժել է նաև հաշմանդամության խումբ ստանալու՝ Վաժիկի դիմումը։

«Ինձ չեմ կորցնում, ուժեղ եմ, իմ ընտանիքն իմ կողն ա», ֊ ասում է ինքը՝ Վարժիկը:

Պատերազմի ձայնը դեռ ականջներում՝ երիտասարդը հույս է տալիս մորը՝ ամեն ինչ լավ է լինելու, կարևորը խաղաղությունն է:

«Ինձ թվում ա՝ կհաղթահարեմ, ընենց տղա չեմ, որ չհաղթահարեմ», ֊ ասում է նա: Հարցին, թե արդյոք իր հետ՝ Մատաղիսում, ծառայել են նաև պաշտոնյաների որդիներ, ասում է․ ֊ «Չեմ տեսել ինչ֊որ մի պաշտոնյայի տղա լինի կամ ինչ֊որ մի բան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG