Մատչելիության հղումներ

«Կրեմլը կսխալվի, եթե ենթադրի, որ ԱՄՆ-ն թույլ ցանկ է հրապարակել»․ Դենիել Ֆրիդ


Ամերիկացի դիվանագետ Դենիել Ֆրիդը նախագահ Բարաք Օբամայի օրոք կարգավորել է պատժամիջոցների քաղաքականությունը, արխիվ
Ամերիկացի դիվանագետ Դենիել Ֆրիդը նախագահ Բարաք Օբամայի օրոք կարգավորել է պատժամիջոցների քաղաքականությունը, արխիվ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսը չի հրապարակելու «Կրեմլի ցանկի» մի քանի հարյուր էջանոց գաղտնի հատվածը: Այդ մասին հայտարարել է դեմոկրատական սենատոր Բեն Քարդինը:

Հայտնի է, որ զեկույցի չհրապարակված բաժնում ներառված են քաղաքական գործիչներ, գործարարներ և ընկերություններ, որոնց նկատմամբ հետագայում պատժամիջոցների սահմանումն առավել հավանական է:

Վաշինգտոնում ոմանք տարակուսանքով, իսկ Մոսկվայում՝ չարախնդությամբ նշում են, թե այդ ցանկը լղոզված փաստաթուղթ է, որը կոնկրետ քայլեր չի նախատեսում: Շրջանառվում է վարկած, ըստ որի՝ հենց վերջին պահին այն ամենաբարձր ատյանից իջեցված հրահանգով խմբագրվել է: ԱՄՆ Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն ասել է, որ ամերիկյան Կոնգրեսին փոխանցված ցուցակը դառնալու է նոր պատժամիջոցների հիմքը:

Ամերիկացի դիվանագետ, 2005-2009 թվականներին Եվրոպայի և Եվրասիայի գծով փոխպետքարտուղար Դենիել Ֆրիդը, ով Բարաք Օբամայի նախագահության օրոք կարգավորել է պատժամիջոցների քաղաքականությունը, ենթադրում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է թողել Ռուսաստանին ագրեսիվ կեցվածքի համար պատժելու հնարավորությունը:

Ներկայումս Ֆրիդն Ատլանտյան խորհրդի բարձրաստիճան աշխատակիցներից է: Նա իր հիասթափությունն է հայտնել ցուցակի առնչությամբ, ասելով, թե նկատելի է շտապողականությունը, որով կազմել են փաստաթուղթը: Դիվանագետն, այնուամենայնիվ, անտեղի է համարում Մոսկվայի էյֆորիան: Ֆրիդի կարծիքով՝ Կրեմլում չարաչար կսխալվեն, եթե ենթադրեն, որ Միացյալ Նահանգները կբավարարվի սոսկ ցանկը հրապարակելով, քանի որ դա բնավ չի լինի կառավարության վերջին խոսքն այդ հարցում: Դենիել Ֆրիդը համոզված է՝ Վաշինգտոնը շատ կոշտ կպատասխանի, եթե ռուսների կողմից լինեն ամերիկյան միջանկյալ ընտրություններին միջամտելու փորձեր:

Մոսկվայում այս հարցի առնչությամբ հնչել են հեգնական մեկնաբանություններ: Իշխանամետ մամուլը, մասնավորապես, գրել է․ «Կես տարի պահանջվեց, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատճենահանի Ֆորբսի ցուցակը և կառավարության տեղեկատվական կայքից արտագրի պաշտոնյաների անուն-ազգանունները»: Ցուցակն, այնուամենայնիվ, Ռուսաստանում շատերին է մտահոգել: «Կա չհրապարակված մաս, և դա շատ լուրջ ու խորը վերլուծություն է պահանջում»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հունվարի 30-ին հրապարակեց «Կրեմլի ցանկը», որում ընդգրկված են 114 բարձրաստիճան պաշտոնյաների (այդ թվում վարչապետ Դմիտրի Մեդվեդևի) անունները: Ցուցակում են նաև 96 օլիգարխներ, ովքեր, ըստ զեկույցի հեղինակների, հարստությունը դիզել են նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմների շրջապատում հայտնվելու շնորհիվ և ֆինանսական տարատեսակ աջակցություն են տրամադրում Կրեմլին:

Ցուցակը կազմվել է «ԱՄՆ հակառակորդներին պատժամիջոցներով հակազդելու մասին» օրենքի շրջանակում, որը Կոնգրեսն ընդունել է անցյալ տարվա օգոստոսին: Ռուսաստանում ակնհայտ նյարդայնությամբ են սպասել հրապարակմանը: Նշենք, որ ցուցակն, ինքնին, պատժամիջոց չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, նոր պատժամիջոցներ սահմանելու ընթացքում այն հաշվի կառնվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG