Մատչելիության հղումներ

Ռուս-վրացական պրահյան բանակցություններում քննարկվել է առևտրային միջանցքների հարցը


Պրահայում երեկ անցկացված ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլի հիմնական օրակարգային հարցն առնչվել է առևտրային միջանցքներին: Մինչ այս հանդիպումը Ռուսաստանը Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ սահմանագծերին մաքսակետեր էր բացել: Այս հարցի շուրջ բանակցությունները շատ էական կարող են լինել նաև Հայաստանի համար, քանի որ խոսքն, ըստ էության, տրանսպորտային միջանցքների բացման հնարավորության մասին է:

Մինչ Պրահայում կայացած բանակցությունները ռուսական կողմը հայտարարել է, թե մաքսակետերը բացել են՝ հիմք ընդունելով 2011 թվականին ստորագրված ռուս-վրացական համաձայնագիրը: Ըստ այդ փաստաթղթի, մաքսակետերի մոնիթորինգն իրականացնելու է շվեյցարական SGS ընկերությունը: Ռուս-վրացական բանակցություններին վրացական կողմից մասնակցում է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, իսկ Ռուսաստանի կողմից՝ ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

Աբաշիձեն հարցազրույց է տվել Վրաստանի «Առաջին ալիք» հեռուստաընկերությանը, մասնավորապես, նշելով․ ֊ «Մենք քննարկել ենք 2011 թվականի մաքսային մոնիթորինգի համաձայնագիրն իրականացնելու հարցը: Ես ընդգծել եմ, որ դա հնարավոր է միայն համաձայնագրի դրույթներն ու սկզբունքները հարգելու դեպքում՝ առանց որևէ մեկնաբանության և առանց քաղաքականացնելու»: Աբաշիձեի խոսքով՝ Պրահայի հանդիպմանը կողմերի միջև դիրքորոշումների լուրջ տարաձայնություններ են արձանագրվել: «Մաքսային մոնիթորինգի պայմանագրի ռուսական կողմի մեկնաբանությունը անընդունելի է», - ասել է վրացի պաշտոնյան:

Աբաշիձեն նշել է նաև, որ համաձայնագրում մաքսային սահմանների մասին խոսք չկա: ֊ «Խոսքը տերմինալների մասին է, որոնք պետք է տեղակայվեն առևտրային միջանցքների մուտքում և ելքում»,- ասել է Աբաշիձեն, հավելելով, որ տերմինալները պետք է աշխատեն շվեյցարական ընկերության մոնիթորինգի ներքո: Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչն ընդգծել է՝ համաձայնագիրը ստորագրվել է Ռուսաստանի և Վրաստանի կառավարությունների միջև, և դրանում հիշատակված չեն Աբխազիան ու Հարավային Օսիան, ինչը «կարևոր պահ է»:

Մինչ Պրահայի հանդիպումը՝ հունվարի 29-ին, Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում դատապարտել էր՝ «Վրաստանի օկուպացված շրջաններում մաքսակետերի բացումը»:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը պետական ՏԱՍՍ գործակալությանն ասել է, թե Պրահայի հանդիպմանը կողմերը կարևոր են համարել, անկախ մեկնաբանություններից, փաստաթղթով նախատեսված բոլոր դրույթների հստակ իրագործումը սկսելը: ֊ «Ինչ վերաբերում է Ռուսաստանին, մենք ավարտում ենք մեր ընթացակարգը, զեկույցը կներկայացվի կառավարությանը, ինչից հետո համապատասխան պայմանագիր կստորագրենք շվեյցարական SGS ընկերության հետ»,- ասել է Կարասինը:

2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին: Սակայն 2011 թվականին կողմերը ստորագրեցին մաքսային մոնիթորինգի մասին համաձայնագիր: Դա կողմերի միջև բանակցությունների արդյունքում իրականացված գործարք էր՝ Վրաստանը տվեց իր համաձայնությունը, որ Ռուսաստանն անդամակցի Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, որի դիմաց Ռուսաստանը Վրաստանի հետ ստորագրեց մաքսային մոնիթորինգի համաձայնագիրը:

Ռուսաստանի և Վրաստանի բանագնացներ Կարասինի և Աբաշիձեի հանդիպումները սկսվել են 2012 թվականի դեկտեմբերից, Վրաստանում ընտրությունների միջոցով տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, երբ խորհրդարանական ընտրություններում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունը պարտվեց, և իշխանության եկավ մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» դաշինքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG