Մատչելիության հղումներ

«Կրեմլի ցանկում» հայազգի գործարարների ընգրկումը «ողբերգություն չէ»․ Աշոտյան


Արմեն Աշոտյան, Երևան, 1-ը փետրվարի, 2018 թ․

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի կարծիքով՝ «պետք է չէ մեծ ողբերգություն սարքել» այն բանի համար, որ Միացյալ Նահանգների ֆիննախի հրապարակած «Կրեմլի ցանկում» նաև ռուսաստանաբնակ հայազգի գործարարների անուններ են ներառվել: Այդ փաստաթղթում, հիշեցնենք, ընդգրկված են ռուսաստանցի 114 բարձրաստիճան պաշտոնյաների և 96 գործարարների անուններ: Վերջիններս, ըստ զեկույցի, կարողություն կամ ազդեցություն են ձեռք բերել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի հետ կապերի արդյունքում: ԱՄՆ Կոնգրեսի հաստատմանը ներկայացված ցանկում, հիշեցնենք՝ ընգրկվել են նաև ռուսաստանաբնակ հայազգի միլիարդատեր գործարարներ՝ «Տաշիր Գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի, Դանիլ Խաչատուրովի և Սերգեյ Գալիցկիի անունները։

Ցուցակում են նաև այնպիսի ռուս գործարարների ու պաշտոնյանների անուններ, որոնց ղեկավարած ընկերությունները Հայաստանում ռազմավարական նշանակության ոլորտներ են վերահսկում, օրինակ՝ «Գազպրոմը», «Ռոսնեֆտը», «Ռուսական երկաթուղիները», «ՌոսԱտոմը»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կոնգրեսին նաև ծանուցել է, որ այս պահին նոր պատժամիջոցներ չի սահմանելու Ռուսաստանի նկատմամբ: «Կրեմլի ցանկում» հայտնվածներն, այդուհանդերձ, կարող են առաջիկայում հայտնվել ամերիկյան պատժամիջոցների թիրախում: «Ես չեմ կարծում, որ մենք պետք է մեծ ողբերգություն սարքենք մեր հայրենակիցներին այդ ցուցակի մեջ ներգրավելու համար, հատկապես, որ հայտնի չէ և այս պահին հասկանալի չէ, թե այդ ցուցակի մեջ ներգրավումն ինչ հետևանքներ է ունենալու:

Ցուցակի անվանական կազմն այս պահին չի ենթադրում երևէ իրավական հետևանք, որովհետև, ինչպես ամերիկացիներն են հայտարարել, այդ ցուցակը սանկցիոն չէ, այդ ցուցակը չի նշանակում, որ այդ բոլոր մարդիկ մեղավոր են կամ սանկցիաների տակ են: Բոլոր դեպքերում, կարծում եմ, մենք մեր բոլոր այն քաղաքացիներին, որոնք հայտնվում են կամ կարող են հայտնվել այս կամ այն ծանր կացության մեջ, անկախ նրանից՝ «Ֆորբսի» 500-ի մեջ են, թե պարզապես շարքային քաղաքացիներ, պետությունն իրեն հասանելի գործիքներով կարող է պաշտպանական մեխանիզմներ իրականացնել: Բայց սա, վստահ եմ, այդ դեպքը չէ, որովհետև այն քաղաքական շրջանակը, որն այսօր ստեղծված է այս հարցի շուրջ, դեռևս չի բյուրեղացրել հետևանքները»,- այսօր լրագրողներին ասաց Աշոտյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը չի շահում ռուս-ամերիկյան «տնտեսական ու քաղաքական բախումներից»։ Հայաստանը շահերի համադրության, ոչ թե հակադրության գոտի է, ասաց խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը՝ հավելելով․

«Հայաստանը պետք է շարունակի հեռու մնալ բախումային օրակարգից: Փառք տիրոջը՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում համընկնում են: Այսինքն՝ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը թույլ է տալիս ասելու, որ արցախյան հակամարտությունը եզակիներից է հետխորհրդային տարածքում նաև այն առումով, որ գլոբալ խաղացողների շահերը համընկնում են՝ սկզբունքների հետ կապված: Եվ Հայաստանը պետք է շարունակի այս օրակարգով սեփական ազգային ու պետական շահերն առաջ մղել»:

Պաշտոնական Երևանն ակնկալում է, որ մինչև հաջորդ տարվա հունիս թե՛ Հայաստանը, թե՛ ԵՄ անդամ բոլոր երկրներն ու Եվրախորհրդարանը կվավերացնեն Եվրամիության հետ անցած տարի ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Մինչև Եվրոպական խորհրդարան հասնելը, փաստաթուղթը նախ պետք է վավերացվի ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններում: Հիշեցնենք, որ Էստոնիան արդեն իսկ վավերացրել է համաձայնագիրը: Հաջորդ տարվա մարտի վերջից Մեծ Բրիտանիան այլևս չի լինի ԵՄ անդամ, ուստի, Աշոտյանի խոսքով, վավերացման կարիք չի լինի:

Աշոտյանն ասում է՝ եվրոպացի գործընկերներն ունեն մինչև հաջորդ տարվա կեսը գործընթացն ավարտին հասցնելու քաղաքական կամք: Նման տպավորություն ստացել է Բրուսելում ունեցած հանդիպումներից։ «Հիմնական խնդիրն այն է, որ 2019-ի հունիսին Եվրախորհրդարանի հերթական ընտրություններն են սպասվում, և մենք պետք է փաստացի հասցնենք այդ փաստաթղթի քաղաքական վավերացումն իրականացնել այս խորհրդարանի կազմով: Սա մեր ցանկությունն է, սա նաև Եվրոպական խորհրդարանի ցանկությունն է, և մենք համատեղ ջանքեր պետք է գործադրենք՝ անդամ պետություններում այս հարցի առաջնահերթությունը սահմանելու և առաջ տանելու հետ կապված: Ակնհայտ է, որ մեր դրած խնդիրն ամբիցիոզ է, և սա շատ լավատեսական սցենար է»,- ասաց Աշոտյանը, հավելելով, որ հարցի հետաձգումը ևս ճակատագրական չէ․ «Մեզ համար կարևոր է, որ քաղաքական առումով այս համաձայնագիրը ստանա ոչ միայն դե ֆակտո միս ու արյուն, այլ նաև՝ դե յուրե»:

Անցած տարվա վերջին Հայաստանի Կառավարությունը հավանություն է տվել ԵՄ-Հայաստան համաձայնագրին: Սահմանադրական դատարանի դրական եզրակացությունից հետո այն կուղարկվի Ազգային ժողով: Աշոտյանի հաշվարկներով՝մինչև այս տարվա ապրիլի սկիզբը համաձայնագիրը կվավերացվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG