Մատչելիության հղումներ

Հաշմանդամները պահանջում են չփակել գերմանական «Ինտերօրթո» պրոթեզավորման կենտրոնը


Վերջույթների պրոթեզներ կրող հաշմանդամություն ունեցող անձինք այսօր Կառավարությունից պահանջում էին չփակել գերմանական «Ինտերօրթո» պրոթեզավորման կենտրոնը։

25 տարուց ավելի Հայաստանում աշխատող ընկերությունը չի գործում հունվարի 1-ից։

«Ազատության» հետ զրույցում պրոթեզներ կրող քաղաքացիները պնդեցին՝ այս ոլորտում գործադիրը առավելությունը ցանկանում է տալ տեղական «Պրոթեզաօրթոպեդիկ» ընկերությանը, որի սարքավորումների որակն ու մասնագետների ունակությունները իրենց հավատ չեն ներշնչում:

Ակցիայի մասնակիցները տարբեր մարզերից էին եկել։ Շատերը պետք է ստանային հերթական սպասարկումը, սակայն պրոթեզավորման կենտրոնի դռները փակ են գտել։

Պրոթեզ կրող հաշմանդամներն ասում են՝ սեփական մաշկի վրա են զգացել, թե որքան անորակ են տեղական «Պրոթեզաօրթոպեդիկ»-ի սարքերն ու նյութերը։ Դրանք չինական արտադրության են և որակով ակնհայտ զիջում են գերմանականին:

Գործադիրի առջև հավաքված քաղաքացիներին մոտեցավ Սոցապ նախարարության պաշտոնյան։ Տարեցների և հաշմանդամների հարցերով վարչության պետ Արթուր Կեսոյանը տեղեկացրեց, որ դեռ անցած տարի հայտարարված մրցույթին դիմել է երկու ընկերություն՝ գերմանական «Ինտերօրթո»-ն և տեղական «Պրոթեզաօրթոպեդիկ»-ը։ Ըստ նրա՝ մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 6-ին և միայն այդ ժամանակ հայտնի կդառնան այն չափանիշները, որոնք պետությունը կդնի սպասարկող ընկերության առջև։

«Հավատացնում եմ՝ ամսի 6-ին, որ իրենք բերեն փաստաթղթերը, կես ժամ հետո ես կլինեմ տեղում ու այդ որակական չափանիշներով մասնագետներ ունենալու-չունենալու խնդիրը տեղում կլուծվի ու համապատասխան որոշումը, տույժ-տուգանքը կկիրառվի», - խոստացավ պաշտոնյան:

Ու մինչ փետրվարի 6-ին կամփոփվեն մրցույթի արդյունքները, պրոթեզներ կրող հաշմանդամներն այս ընթացքում կմնան առանց սպասարկման։

Սոցապ նախարարության պաշտոնյան դրսից շտապեց ներս՝ հանդիպելու ակցիայի մասնակիցների մի փոքր խմբի հետ։ Դրան մասնակցել լրագրողներին թույլ չտվեցին։ Մոտ 1 ժամ տևած դռնփակ հանդիպումից հետո պրոթեզ կրող հաշմանդամները հայտնեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել սպասել մինչև փետրվարի կեսը, իսկ եթե դրանից հետո գերմանական կենտրոնը փակվի, ապա իրենք կշարունակեն պայքարը ավելի մեծ խմբով։ Հանդիպմանը ներկա էր նաև գերմանական «Ինտերօրթո» ընկերության ներկայացուցիչը։

«Ազատության» հարցին՝ իրենց երաշխիքներ տրվե՞լ են, որ աշխատելու են, «Ինտերօրթո» կենտրոնի օրթոպեդ-ինժեներ Մկրտիչ Գինոսյանը պատասխանեց․ - «Ոչ, ոչ մի երաշխիք չկա: Ամսի 6-ին լինելու է ամփոփում, նոր պարզ կլինի՝ ո՞վ է հաղթել, ի՞նչ է լինելու և այլն»:

«Ազատությունը» փորձեց կապ հաստատել նաև տեղական «Պրոթեզաօրթոպեդիկ» ընկերության հետ՝ պարզելու թե ինչու քաղաքացիները չեն վստահում իրենց արտադրանքին։ Ընկերության տնօրենը, սակայն, տեղում չէր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG