Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը դարձել է ՀՀ կառավարության վստահելի գործընկերը. Սերժ Սարգսյան


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանում առաքելությունն ավարտող ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյի հետ:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Բրեդլի Բուզետտոյի պաշտոնավարման անցած հինգ տարիներին ՄԱԿ-ի տարբեր կառույցների և հատկապես Զարգացման ծրագրի հետ Հայաստանի համագործակցությունը:

Նախագահը գործակցության արդյունավետության տեսանկյունից այդ ժամանակաշրջանը բավականին հաջողված է համարել:

Սերժ Սարգսյանը տարբեր ոլորտներում իրականացված ծավալուն աշխատանքներում ընդգծել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի անձնական ներդրումը և շնորհակալություն հայտնել նրան՝ մաղթելով հաջողություններ հետագա աշխատանքում:

«Այս տարիների ընթացքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը դարձել է Հայաստանի կառավարության վստահելի և արդյունավետ գործընկերը: Հաջողված ծրագրերից ուզում եմ հիշատակել մեր հյուսիսային սահմանների վրա տեղակայված անցակետերի արդիականացման ծրագիրը, ինչի արդյունքում մենք ունենք բոլոր չափանիշներին համապատասխանող սահմանային անցակետեր: Իհարկե, ուրախ եմ, որ Մեղրիի արդիականացման ծրագիրն էլ է մեկնարկել, ինչը մեզ հնարավորություն կտա որոշ ժամանակ հետո սահմանային անցակետերի արդիականացման խնդիրը համարել ամբողջովին լուծված: Ես շատ բարձր եմ գնահատում Զարգացման ծրագրի մասնակցությունը մեր ընտրական գործընթացներին: Այդ տեխնիկական միջոցների ներդրումը, կարծում եմ, շատ մեծ և դրական ազդեցություն ունեցավ: Իհարկե, շատ ուրախ եմ այն ծրագրի համար, որ իրականացնում եք սահմանամերձ Տավուշի մարզի գյուղերում՝ ուղղված խոցելի համայնքների կայուն զարգացմանը: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Հայաստանում ապաստանած սիրիահայերին ցուցաբերվող աջակցության ծրագրի համար», - ասել է նախագահը:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանում ՄԱԿ-ի նոր մշտական համակարգողն իր գործում կցուցաբերի նույնքան եռանդ և նվիրվածություն, որքան Բրեդլի Բուզետտոն՝ ավելի խորացնելով ՄԱԿ-ի հետ Հայաստանի գործընկերային հարաբերությունները:

Բրեդլի Բուզետտոն իր համար մեծ պատիվ և պատասխանատվություն է համարել աշխատել Հայաստանում և իրականացնել Հայաստանի նախագահի նշած ծրագրերը, որոնք օգտակար են եղել Հայաստանի և նրա քաղաքացիների համար:

«Հուսով եմ, որ ձևավորված վստահության շնորհիվ հետագայում ևս ՄԱԿ-ը կշարունակի Հայաստանում հանդես գալ որպես մի կառույց, որին ՀՀ կառավարությունը կկարողանա դիմել օրակարգային հարցերով, որոնք պահանջում են համաշխարհային փորձ ունեցող անկողմնակալ գործընկեր։ Բացի այդ, հուսով եմ, որ մենք կարողացել ենք օգնել Հայաստանին առավել մեծ դերակատարում ունենալու միավորված ազգերի ընտանիքում` Նյու Յորքում ներկայացնելով Հայաստանը՝ որպես նորարարությունների երկիր, ձեռներեցությամբ և գործարարությամբ զբաղվելու երկիր, մի երկիր, ուր կարելի է այցելել նաև որպես զբոսաշրջիկ», - ասել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն և վստահեցրել, որ Հայաստանում անցկացրած տարիները մշտապես կմնան իր հիշողություններում, որոնք շատ տպավորիչ են, խորը և հուզական: Հանդիպման ավարտին Բրեդլի Բուզետտոն խաղաղություն և բարեկեցություն է մաղթել Հայաստանին և ամբողջ տարածաշրջանին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG