Մատչելիության հղումներ

Արբիտրաժային դատարանը բավարարել է 28 ռուս մարզիկների բողոքը ընդդեմ ՄՕԿ-ի


Շվեյցարիա - Երկրպագուն ծածանում է Ռուսաստանի դրոշը ՄՕԿ-ի կենտրոնակայանի դիմաց, Լոզան, 5-ը դեկտեմբերի, 2017թ․

Լոզանում գտնվող մարզական արբիտրաժային դատարանը բավարարել է 28 ռուս մարզիկների վերաքննիչ բողոքն ու չեղարկել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) որոշումը, որով նրանք ցմահ զրկվել էին Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից:

Դատարանը նաև վերականգնել է «արդարացված» մարզիկների՝ Սոչիում 2014 թվականին արձանագրած արդյունքները, պարտավորեցնելով վերադարձնել նրանց մեդալները:

Դատարանի որոշմամբ, ՄՕԿ-ի ներկայացրած ապացույցները բավարար չեն՝ հաստատելու, որ այդ մարզիկները խախտել են հակադոպինգային կանոնները: Ընդհանուր առմամբ, միջազգային դատարան էին դիմել 42 ռուս մարզիկներ, որոնք պատժվել էին խթանիչներ օգտագործելու մեղադրանքով: 11-ի դեպքում միջազգային դատարանը մեղմել է Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշումը՝ նրանք բաց կթողնեն Փհենչհանում կայանալիք խաղերը, սակայն կկարողանան մասնակցել հաջորդ օլիմպիադաներին:

Ռուսաստանի օլիմպիական կոմիտեին այս որոշումը չի վերաբերում՝ կոմիտեն չի կարող ներկա լինել Հարավային Կորեայում փետրվարի 9-ին մեկնարկող ձմեռային Օլիմպիական խաղերին: Այս պահին գոնե, հասկանալի չէ նաև՝ արդյոք «արդարացված» մարզիկները կմեկնե՞ն Կորեա, թե՞՝ ոչ։

«Մենք ակնկալում ենք, որ ՄՕԿ-ը անհապաղ հաշվի կառնի արբիտրաժային դատարանի այս որոշումը և թույլ կտա մեր մարզիկներին մասնակցել Օլիմպիական խաղերին», - հայտարարել է Ռուսաստանի սպորտի հարցերով նախարար Պավել Կոլոբկովը։

ՄՕԿ-ը, սակայն, հայտարարել է, թե արբիտրաժային դատարանի որոշումը ամենևին էլ չի նշանակում, որ այդ 28 մարզիկները կկարողանան մասնակցել ձմեռային 18-րդ Օլիմպիական խաղերին։ Միջազգային օլիմպիական կոմիտեն մտադիր է ուսումնասիրել արբիտրաժային դատարանի որոշումը և հնարավոր է բողոքարկի այն, ասված է ՄՕԿ-ի տարածած որոշման մեջ։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի օլիմպիական թիմին, ապա ՄՕԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ դեկտեմբերի 5-ի որոշումը մնում է ուժի մեջ, և ռուսաստանցի մարզիկները կկարողանան մասնակցել խաղերին միայն ՄՕԿ-ի հրավերի դեպքում, արգելված է նաև Ռուսաստանի դրոշը, իսկ մարզիկները մասնակցում են խաղերին չեզոք՝ Օլիմպիական դրոշի ներքո։

Ռուսաստանցի մարզիկները Փհենչհան են մեկնել երեկ, ճանապարհելիս՝ Ռուսաստանի նախագահը ներողություն է խնդրել նրանցից: «Մենք ներողությունից ենք խնդրում, որ չկարողացանք ձեզ պաշտպանել: Բոլորը հասկանում են, թե որքան դժվար է այսօր հասնել բարձրագույն նվաճումների: Դա կրկնակի բարդ է, երբ սպորտը խառնում են որոշակի իրադարձությունների ու երևույթների, քաղաքականության կամ այլ բաների հետ», - երեկ հայտարարել է Վլադիմիր Պուտինը, ով ևս մեկ անգամ կրկնել է, որ Ռուսաստանը միշտ պաշտպանել և աջակցել է մաքուր սպորտի գաղափարին։

Ռուսաստանում մեծ ցավով էին ընդունել ՄՕԿ-ի դեկտեմբերի 5-ի որոշումը, իրեն մարզական երկիր համարող Ռուսաստանի համար սա ցավոտ ապտակ էր հատկապես Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերից հետո։ Սակայն Պուտինի հայտարարությունից հետո, որ, այդուամենայնիվ, Ռուսաստանը չի արգելելու իր մարզիկներին մասնակցել այդ խաղերին, ավելին՝ աջակցելու է նրանց, կրքերը փոքր-ինչ հանդարտվեցին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG