Լոռու մարզի Մղարթ գյուղում արդեն 15 տարի ոսկու հանքավայր շահագործող «Մուլտի գրուպ» ընկերությունը մտադիր է կրկնապատկել իր արտադրական ծավալները։ Այսօր գյուղում տեղի ունեցավ ծրագրի հանրային քննարկում։
Դեռ 2000 թվականին մեծահարուստ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերությունը համայնքից 30 տարով 40 հա հողատարածք է վարձակալել։ Դրա մի մասում հանքավայր բացել։ Այժմ նախատեսում են ավելացնել հանքի տարածքներն ու տարեկան 50 հազար տոննա արտադրողականությունը հասցնել 100 հազարի։ Ներկաներից միայն մեկը, մղարթեցի Գառնիկ Խաչատրյանը հայտարարեց, թե դեմ է հանքի ընդլայնմանը:
«Ես դեմ եմ, որդի որ հանք կա, էդ ժողովուրդը ընդի երգան ապրելու չի», ֊ հայտարարեց նա:
«Մուլտի գրուպի» հիմնավորումները ներկայացնելու համար Մղարթ էր եկել ընկերության գլխավոր երկրաբան Նելսոն Պողոսյանը։ Վստահեցրեց. անցած տարի Օձուն համայնքին միացած Մղարթն իրենց ներկայությունից չի տուժելու: ֊ «Եղելա՞, որ գյուղի բնակչությունը մի հարցով դիմի մեզ՝ մերժենք», ֊ հարցրեց երկրաբանը՝ ստանալով բացասական պատասխան:
Միևնույնն է. գյուղի տարեց բնակչին չհամոզեցին ոչ ընկերության պնդումները և ոչ էլ համագյուղացիների հորդորները։ Ասաց՝ հանքը վնասից բացի ոչ մի օգուտ չի տա։
Անցած 15 տարիներին հանքավայրն ու լեռնահարստացման ֆաբրիկան աշխատել են ընդհատումներով՝ տարվա մեջ մի քանի ամիս։ Վերջին երկու տարիներին ավելի պասիվ ռեժիմով։ Ընկերության գլխավոր երկրաբան Նելսոն Պողոսյանը նշեց. առաջիկա 20 տարիներին կունենան մինչև 100 աշխատատեղ:
«Մուլտի գրուպն» այսօր, ի վերջո, համաձայնություն ստացավ մղարթցիներից։
Հիշեցնենք, Մղարթում հանքավայր շահագործելու ցանկություն ուներ նաև «Միռամ» ընկերությունը, որի հանրային լսումները, սակայն, անցած տարեվերջին տապալվեցին։ Գյուղացիներն ու բնապահպաններն ընկերության ներկայացուցիչներին չթույլատրեցին անգամ մտնել Մղարթի վարչական շենք, որտեղ անցկացվելու էր հանրային քննարկումը։ Այսօր «Մուլտի գրուպ» ընկերության ներկայացուցիչ Նելսոն Պողոսյանը հերքեց, թե հանքարդյունաբերությունն ընդլայնելու իրենց ծրագիրն առնչվում է նույն այդ Շեկաղբյուր կողվող տարածքին։ Նելսոն Պողոսյանը պնդեց՝ ժամանակին, որպես երկրաբան, ուսումնասիրություններ է արել Շեկաղբյուրի տարածքում և բացասական եզրակացություն տվել, թե այդ տարածքում բավարար հանքանյութ չկա։