Մատչելիության հղումներ

Հայաստանում մեկնաբանում են Թրամփի՝ Մոսկվային ու Թեհրանին քննադատող ելույթը


Դոնալդ Թրամփը ԱՄՆ Կոնգրեսում, 30-ը հունվարի, 2018 թ․

Ամերիկայի Միացյալ Նահանգները Ռուսաստանի և Իրանի հետ խաղում է մի քանի ճակատով, ընդգծում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով երեկ Կոնգրեսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ունեցած ելույթին։ Քաղաքագետի համոզմամբ՝ ԱՄՆ քաղաքականությունն է՝ գործընկերության առաջարկ անել, միաժամանակ չդադարեցնելով խիստ քննադատությունը:

Երեկվա ելույթի ընթացքում Թրամփը նշեց, որ Ռուսաստանը և Չինաստանը ԱՄՆ-ի հակառակորդներն են, որոնք մարտահրավեր են նետում Ամերիկայի տնտեսությանն ու արժեքներին։ «Բանաձևը, կարելի է ասել, նույնն է: Սպառնալիք, որն ուղեկցվում է հույսի ներարկմամբ: Այսինքն՝ և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի հանդեպ ամերիկյան քաղաքականության մեջ այս երկու կոմպոնենտը պահպանվում է»,- ասում է քաղաքագետը:

Անկախ Ռուսաստանի նկատմամբ Թրամփի երեկվա քննադատությունից, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ Ռուսաստանը շարունակում է ԱՄՆ ներկայիս նախագահից ակնկալել ռուս-ամերիկյան հարաբերությունների լարվածության մեղմում։ «Թրամփի ռուսական քաղաքակնությունը մնում է այդպես էլ չփարատվող անորոշություններով մի քաղաքականություն, որը տակավին Մոսկվայում հույսի նշույլներ է ծնում, որ մի իքս պահի կլինի համագործակցություն»,- ասում է Սաֆարյանը:

Ամերիկա-ռուսական հարաբերություններն այժմ լարված են, սակայն էլ ավելի վատթարացում չի ակնկալվում, պնդում է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ «Ամերիկան իր գործողությունները պայմանավորում է Ռուսաստանի ուկրաինական քաղաքականությամբ, իսկ Ուկրաինայի պահով, ըստ էության, որևէ բան չի փոխվել ՌԴ դիրքորոշման համատեքստում»,- նկատում է Մարուքյանը:

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանն էլ, մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսում Թրամփի ավելի քան մեկ ժամ տևողությամբ ելույթը, նշում է՝ անկախ մամուլի քննադատությունից, Թրամփի վարչակազմը կոշտ է Ռուսաստանի նկատմամբ։

Գրիգորյանը մատնանշում է երեկ ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած «սև ցուցակը», որում 200-ից ավելի ռուսաստանցի պաշտոնյաների և գործարարների անուններ են ընգրկված։ Միաժամանակ՝ քաղաքագետն ընդգծում է՝ ելույթում Թրամփն ընդամենը մեկ անգամ, այն էլ ոչ այնքան խիստ, անդրադարձ արեց Ռուսաստանին: «Կարծում եմ՝ Թրամփն այս հարցում վարում է ճկուն քաղաքականություն՝ Ռուսաստանի վրա ազդելու առումով: Նա այդ մասին ոչ թե հայտարարում է, այլ գործով է ապացուցում»,- ասաց Արմեն Գրիգորյանը:

Ի տարբերություն Ռուսաստանի, Իրանի մասով Թրամփի ելույթը հայկական քաղաքագիտական շրջանակներում ավելի սուր են որակում։ 2015-ին կնքված միջուկային համաձայնագիրը Թրամփը որակեց «սարսափելի» ու խոսեց դրա թերությունները շտկելու անհրաժեշտության մասին։ Ըստ Արմեն Գրիգորյանի, այս հարցում և առհասարակ՝ Թրամփը հիմնականում փորձել է հակադրվել Օբամային:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի մեկնաբանությամբ էլ՝ մի կողմից Իրանին զսպելու խնդիր կա, մյուս կողմից միջուկային համաձայնագրի չեղարկումը կարող է էլ ավելի անկառավարելի դարձնել ԻԻՀ-ն։

Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ Ամերիկայի լարված հարաբերություններն ու հարևան Իրանին ուղղված սպառնալիքներն արդյո՞ք կփոխեն իրավիճակը տարածաշրջանում։ Պատգամավոր Էդմոն Մարուքյանի կարծիքով, տարածաշրջանում Ամերիկայի քաղաքականության կոշտացումը չի անդրադառնա առնվազն ղարաբաղյան հակամարտության վրա։ Հաշվի առնելով նախադեպերը՝ նա եզրակացրել է՝ անգամ ռուս-ամերիկյան հարաբերությունների սրման սցենարի դեպքում Մինսկի խմբի ձևաչափը կմնա անփոփոխ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG