Մատչելիության հղումներ

Հանդիսավորապես նշվեց Ֆրունզե Դովլաթյանի ծննդյան հոբելյանական 90-րդ տարեդարձը


Ֆրունզե Դովլաթյանը՝ «Սարոյան եղբայրներ» ֆիլմում

«Բարև, ես եմ», «Սարոյան եղբայրներ», «Երևանյան օրերի խրոնիկա», «Երկունք», «Ապրեցեք երկար», «Կարոտ», «Մենավոր ընկուզենի»՝ ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանին և նրա ստեղծած այս հանրահայտ ֆիլմերին, նաև կինոյում կերտած նրա հրաշալի կերպարներին էր նվիրված այսօր Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցած հանդիսությունը, որն ուղեկցվեց ռեժիսորի՝ թանգարանում պահպանվող արխիվային նյութերի ցուցադրությամբ: Ցուցադրվեց նաև Դովլաթյանին նվիրված ֆիլմ՝ կինոգետների մեկնաբանությամբ: Հանդիսությունը նվիրված էր Ֆրունզե Դովլաթյանի ծննդյան հոբելյանական 90-րդ տարեդարձին:

Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը միջոցառման ժամանակ նշեց․ «Այնպես ստացվեց, որ մենք տարին սկսեցինք կինոարվեստով: Օրեր առաջ էլ Արման Կոթիկյանին նվիրված միջոցառում էինք կազմակերպել: Ինչ վերաբերում է Ֆրունզե Դովլաթյանին, նա մեր ֆիլմարվեստի սակավ կաղնիներից մեկն է: Այսօր պիտի փորձենք արժանին մատուցել մեծ արվեստագետին նրա տարեդարձի առիթով, մանավանդ, որ կինոարվեստի հեռանկարների շուրջ այսօր մտահոգությունը շատ մեծ է»:

Ֆրունզե Դովլաթյանի որդին՝ կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանն էլ նախ իր երախտագիտությունը հայտնեց այս նախաձեռնության հեղինակներին, ապա շեշտեց՝ որպես Կինոգործիչների միության անդամ, մեկ անգամ ևս համոզվում է, թե որքան անհրաժեշտ է կինոթանգարանը, որի հիմնադրման մասին Կինոգործիչների միությունն ազդարարեց անցյալ տարեվերջին: «Սա հետաքրքիր հայացք է Ֆրունզե Դովլաթյանի կյանքին և գործունեությանը»,- այսօրվա նախաձեռնության առնչությամբ նշեց կրտսեր Դովլաթյանը:

Նա հավելեց՝ կինոթանգարանի կայացման հարցով համագործակցելու են Գրականության և արվեստի թանգարանի հետ ու վստահ են, որ այդ համագործակցությունը շատ արդյունավետ է լինելու: Միքայել Դովլաթյանը հույս ունի, որ Կինոգործիչների միությունում ստեղծվելիք կինոթանգարանում կներկայացվի հայ կինոյի ողջ պատմությունը։

Գրականության և արվեստի թանգարանում Ֆրուզե Դովլաթյանի հոբելյանին նվիրված ցուցահանդեսը կգործի մեկ ամիս: Ներկայացված են վերջինիս լուսանկարները, արխիվային նյութերը, պարգևները, ստեղծած ֆիլմերի սցենարները, որոնց վրա անվանի ռեժիսորն իր ձեռքով նշումներ է արել: Այսօր հանդիսությանը ներկա կինոգործիչներից մեկի՝ Ռոբերտ Մաթոսյանի համոզմամբ՝ «Համո Բեկնազարյանից հետ եկան Ֆրունզե Դովլաթյանն ու Հենրիկ Մալյանը, սրանք մեր կինոյի մեծերն են»:

Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG