Մատչելիության հղումներ

Հակակոռուպցիոն ծրագրով կփոխհատուցվեն ոստիկանների անձնական մեքենաների ու հեռախոսային ծախսերը


Ոստիկաններին կոռուպցիայից հեռու պահելու համար Կառավարությունը այժմ էլ նոր ռազմավարություն է ծրագրել, մտադիր են տարեկան մինչև 684 միլիոն դրամով փոխհատուցել անձնական մեքենաների շահագործման ու հեռախոսային ծախսերը։ Մասնավորապես, յուրաքանչյուր օպերլիազոր մեքենայի համար տարեկան կստանա մինչև 372,600 դրամ, հետաքննիչներն ու տեսուչները 248, 400 դրամ, հեռախոսակապի համար՝ համապատասխանաբար 42,000 և 30,000 հազար դրամ:

Կառավարությունն արդեն հաստատել է համապատասխան փաստաթուղթը, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Սարգսյանը վստահեցնում է՝ ծրագրի նպատակը միմիայն կոռուպցիան նվազեցնել է։ - «Սա այն խնդիրն է, որը դրդում է այդ ոլորտում աշխատողներին դիմել ոչ ընդունելի քայլերի՝ իրենց ընթացիկ ծախսերը ֆինանսավորելու համար», - «Ազատության» հետ զրույցում նշեց նա:

Ըստ Կառավարության՝ ծրագիրը մշակել են 4 անկախ փորձագետ, ընդհանուր միջոցառումների վրա այս տարի կծախսվի մինչև 2 միլիոն 400 հազար դոլար։ Այս գումարը 2018թ բյուջեով ի սկզբանե նախատեսված չի եղել, բայց Կառավարություն լուծումը գտել է։

«Այս գումարները կֆինանսավորվեն Ոստիկանությանը արդեն իսկ հատկացված միջոցների խնայողություններից, այսինքն կլինի պետական բյուջեի հաշվին», - մանրամասնեց Արթուր Սարգսյանը:

Հակակոռուպցիոն ռազմավարության նոր ծրագիրը իրավապաշտպան կառույցների մոտ զարմանք է առաջացրել, անձնական ծախսերի փոխհատուցման և կոռուպցիայի դեմ իրական պայքարի միջև ուղղակի կապ չեն տեսնում:

«Փաստաթուղթը բացարձակապես որևէ առնչություն չունի ոստիկանական համակարգում կոռուպցիայի իրական ռիսկերի վերացման և կոռուպցիոն իրական դրսևորումների դեմ պայքարի առումով», - մեզ հետ զրույցում նշեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Իրավապաշտպանը ոստիկանների սոցիալական աջակցությանը դեմ չէ, բայց կարծում է կոռուպցիան սխալ տեղում են փնտրում․ - «Ծիծաղելի է, որ Ոստիկանության համակարգում կոռուպցիոն ռիսկի մեջ ընդգրկում են տեսուչին և հետաքննիչին, ոչ թե ոստիկանապետին, ոստիկանական բաժինների պետերին: Այսինքն, նրանք ընդհանրապես կոռուպցիայից դուրս են»:

Արթուր Սարգսյանը հակադարձում է․ - «Ավելի բարձր պաշտոններում չկա այս խնդիրը, որովհետև ավելի բարձր պաշտոնները չեն իրականացնում օպերլիազորի ֆունկցիաները»:

Կառավարության ներկայացուցիչը, չի բացառում որ գումարի պատճառով փոխհատուցման ծրագիրը հետաձգվի։ Ռազմավարության մյուս միջոցառումները, սակայն, մինչև տարեվերջ կյանքի կկոչվեն։ Օրինակ՝ կոռուպցիայի նվազեցման համար 256 միլիոն դրամով կթարմացվեն Ոստիկանության ավտոդրոմները։ Մասնավորապես, 2.5 միլիոն դրամով կգնվի մեկ մոպեդ, 8 միլիոնով՝ տրիցիկլ, 40 միլիոնով՝ 2 բեռնատար, 24 միլիոնով՝ ավտոբուս, ևս 3 միլիոն դրամ էլ կհատկացվի այս մեքենաներում տեսախցիկներ տեղադրելու համար։ Դրանցով կպաշտպանվեն վարորդական վկայական ստացողների շահերը, ասում է Արթուր Սարգսյանը․ - «Եթե մարդը օբյեկտիվորեն տիրապետում է այդ գիտելիքներին ու չի կարողանում վարորդական վկայական ստանալ, կա այս դեպքում բաց: Ինչպե՞ս լրացնենք այդ բացը․ առաջարկվող լուծումը սա է»:

Վարորդների շահերով զբաղվող փաստաբան Արտակ Խաչատրյանը մինչդեռ թերահավատ է, պնդում է հրամանը վերևից է գալիս, կաշառք վերցնելու համար տեսախցիկները խոչընդոտ չեն․ - «Եթե կոռուպցիայի դեմ ուզում ես պայքարես, այդ ամեն ինչը թափանցիկ արա․ տեսախցիկի ցույց տվածը համակարգում տեղադրի, մարդը կարողանա օնլայն ռեժիմով նայի՝ ինչով են զբաղված»:

Կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար, դեռ նախորդ տարվանից տեսախցիկներ ամրացվեցին նաև ՃՈ տեսուչների համազգեստներին, փաստաբանի խոսքով, դրանց միջոցով հասարակությունը դեռ կոռուպցիոն բացահայտումներ չի տեսել։

Ուշագրավ է, որ ըստ Կառավարության ներկայացրած փաստաթղթի Ոստիկանությունում ծառայելու գրավչությունը նվազում է, համակարգից կա պրոֆեսիոնալ կադրերի արտահոսք, առաջանում են թափուր աշխատատեղեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG