Մատչելիության հղումներ

Ազգային անվտանգության խորհուրդը հավանություն է տվել ԶՈւ արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծին


Լուսանկարը՝ նախագահականի

Հայաստանի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է ԱԱԽ նիստ, որի օրակարգի շրջանակում քննարկվել են Զինված ուժերի 2018-2024 թվականների արդիականացման ծրագրի նախագիծը և սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացը:

Առաջին հարցի մասին խորհրդի անդամներին զեկուցել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Մինչ այդ, Սերժ Սարգսյանն իր մոտեցումներն ու գնահատականներն է ներկայացրել պաշտպանության նախարարության կողմից մշակված ՀՀ ԶՈւ արդիականացման ծրագրի նախագծի վերաբերյալ, որի մշակման մասին հանձնարարականը նախագահը տվել էր 2017 թվականի հոկտեմբերի 24-ին: 2018-ի տարեսկզբին նախագահի ներկայությամբ ծրագրի նախագիծը մանրամասն քննարկվել է նաև պաշտպանության նախարարությունում:

«Անցած տարվա հոկտեմբերի 24-ին հանձնարարել էի պաշտպանության նախարարին, որ կազմեն երկարաժամկետ զարգացման ծրագիր 2018-2024 թվականների համար: Եվ այդ հանձնարարականը պայմանավորված էր հետևյալ հանգամանքով՝ տարածաշրջանում նոր մարտահրավերներ են ձևավորվում, և այդ մարտահրավերներին արձագանքելու լավագույն միջոցը երկարաժամկետ զարգացման ծրագիր ունենալն է: Տեսանք հանրության մեջ հարցեր էին առաջանում, ոմանք ասում էին՝ իսկ ինչո՞ւ մինչև հիմա պաշտպանության նախարարությունը կամ Զինված ուժերը չունեին զարգացման ծրագրեր, երկարաժամկետ ծրագրեր: Իհարկե, ունեին, միշտ էլ եղել են ծրագրեր, բայց նախորդ և այս ծրագրի տարբերությունն այն է, որ նախորդ ծրագրերը շատ դեպքերում կարճաժամկետ էին, իսկ այն ծրագրերը, որոնք կոչվում էին երկարաժամկետ, ավելի շատ նման էին ցանկությունների, տեսլականի, գաղափարների», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Սերժ Սարգսյանը և շարունակել․ - «Այս ծրագիրը տարբերվում է մնացած բոլոր ծրագրերից, որոնք կարելի էր կոչել երկարաժամկետ, նրանով, որ սա թիրախավորված ծրագիր է. կա որոշակիություն՝ չափելիություն, կան ժամկետներ, կան հաշվարկված որակական և ֆինանսական ցուցանիշներ»:

«Պաշտպանության նախարարը և գլխավոր շտաբի պետը, իհարկե, մինչ այս ինձ զեկուցել են ծրագրի մասին, այնուհետև ես հնարավորություն եմ ունեցել պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ քննարկելու այս ծրագիրը: Այսօր, իմ կարծիքով, առկա է ծրագիր, որը լավ մշակված է, թիրախներ կան, կան ցուցանիշներ, և որ ամենակարևորն է՝ կան նաև ֆինանսական հաշվարկներ: Ասածս չի նշանակում, որ հիմա մենք չենք կարող այս ծրագրի մեջ փոփոխություններ մտցնել, իհարկե, կարող ենք, դրա համար էլ ներկայացված է Անվտանգության խորհրդի հաստատմանը, այնուհետև արդեն ընթացք կտանք», - ասել է նախագահը:

Անվտանգության խորհուրդը քննարկման արդյունքում հավանություն է տվել ներկայացված մոտեցումներին և հանձնարարել կառավարությանը՝ սահմանված կարգով ընթացք տալ դրանց ու ներկայացնել նախագահի հաստատմանը:

Օրակարգի երկրորդ հարցի՝ սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի մասին զեկուցել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Նախարարի ներկայացմամբ՝ հիշյալ գործընթացով նախատեսված սահմանադրական յոթ օրենքներից հինգն ամբողջովին ընդունված են, մեկն Ազգային ժողովում ընդունվել է առաջին ընթերցմամբ, իսկ մեկը կքննարկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստում՝ փետրվարին: Հարությունյանը զեկուցել է, որ նույն գործընթացի շրջանակում օրենքների 27 փաթեթներ ևս արդեն ընդունված են:

ԱԱԽ անդամներին նախարար Հարությունյանը ներկայացրել է մշակված՝ սահմանադրական մարմինների՝ ներառյալ ԱԺ-ի, դատական իշխանության, կառավարության ձևավորման և օրենսդրական կարգավորման գործընթացները:

Նիստում հավանություն է տրվել սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացից ձեռք բերված արդյունքներին և հանձնարարվել է կառավարությանը՝ սահմանված կարգով շարունակել դրանց իրականացումն ու ապահովել տրամաբանական ավարտին հասցնելու գործընթացը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG