Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը համաձայն չէ գնահատականների հետ, թե նոր սահմանադրությամբ նախագահը որոշիչ դերակատարում չունի


Նախագահ Սերժ Սարգսյանը Արմեն Սարգսյանին առաջարկում է դառնալ ՀՀԿ թեկնածուն, 19-ը հունվարի, 2018թ․
Նախագահ Սերժ Սարգսյանը Արմեն Սարգսյանին առաջարկում է դառնալ ՀՀԿ թեկնածուն, 19-ը հունվարի, 2018թ․

Նախագահի պաշտոնում իշխող «Հանրապետական»-ի թեկնածու Արմեն Սարգսյանը համաձայն չէ հնչող գնահատականների հետ, թե նոր սահմանադրությամբ նախագահը որոշիչ դերակատարում չունի և այդ պաշտոնը արարողակարգային է:

Նախագահի պաշտոնում իշխող «Հանրապետական»-ի թեկնածու Արմեն Սարգսյանը համաձայն չէ հնչող գնահատականների հետ, թե նոր սահմանադրությամբ նախագահը որոշիչ դերակատարում չունի և այդ պաշտոնը արարողակարգային է: Նախօրեին «Շանթ» հեռուստաընկերությանը տված ծավալուն հարցազրույցում Արմեն Սարգսյանը հակադարձում է՝ Հայաստանի նախագահը շատ ավելի մեծ լիազորություններ է ունենալու, քան մի շարք եվրոպական խորհրդարանական պետությունների նախագահները․ - «Հարցը միայն այն չէ՝ առաջարկը ուզում ես, թե ոչ, պատրաստ ես թե ոչ, այլ նաև՝ եթե ընդունում ես ի՞նչ ես անելու և ինչպե՞ս ես անելու: Ամեն ինչ շատ պարզ է, ուրիշ բան է՝ մարդիկ գնահատական տան առանց իշխանության կամ առանց լիազորությունների, որոնց հետ ես համաձայն չեմ, որովհետև եթե ուշադիր կարդան սահմանադրությունը կտեսնեն, որ դա որևէ սահմանափակ միապետություն չէ, այլ եվրոպական շատ խորհրդարանական հանրապետությունների նախագահների լիազորություններից ավելին է: Հասկանալի է նաև, որ Սահմանադրության գծված սահմանները սահմաններ են, որից չես կարող անցնել այս կողմ կամ այն կողմ: Եվ հասկանալի է, որ Հանրապետության նախագահը իր գործունեության ոլորտում պետք է պահի Սահմանադրության և՛ տառը, և՛ բառը: Սակայն, պարոն Աբրահամյան, Դուք և ես շատ լավ գիտենք՝ նույն տառերով, նույն բառերով կարող ես տարբեր նախադասություններ ստեղծել և տարբեր մտքեր արտահայտել»:

Արմեն Սարգսյանը կոնկրետ օրինակներ չի բերել՝ թե ինչպե՞ս, ո՞ր ոլորտում նախագահը կարող է լիազորություններ բանեցնել:

Հիշեցնենք, թեև նոր Սահմանադրությամբ նախագահը պետության գլուխն է, սակայն թիվ մեկ պաշտոնյան, ըստ էության, վարչապետն է: Նախագահի փոխարեն նա է լինելու զինված ուժերի գերագույն հրամանատարը, վարչապետը նաև ղեկավարելու է Անվտանգության խորհուրդը: Զինված ուժերը նույնպես ոչ թե նախագահի, այլ Կառավարության ենթակայության ներքո են լինելու: Պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին որոշում նախագահը չի կարող ընդունել, պետության արտաքին քաղաքականությունը ևս մշակում և իրականացնում է Կառավարությունը։

Արդեն հրապարակված օրենքի նախագծով էլ առաջարկվում է, որ նոր վարչապետը պաշտոնավարի նախագահի գործող նստավայրում՝ Բաղրամյան 26-ում, իսկ չորրորդ նախագահի նստավայրը լինի Մաշտոցի պողոտայում գտնվող Կառավարության ընդունելությունների տունը:

Արմեն Սարգսյանին երեկ հարց չի ուղղվել՝ ծանո՞թ է արդյոք ընդդիմադիրների քննադատությանը, թե 2015-ին Սահմանադրությունը փոխվեց Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության նպատակով: Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերության հետ զրույցում ասել է, թե իրեն չպետք է ուղղել հարցը՝ արդյո՞ք վեց տարի մշտապես բնակվել է Հայաստանում, որպեսզի համապատասխանի նախագահի թեկնածուին ներկայացվող սահմանադրական պահանջին: Լրագրողը Արմեն Սարգսյանին հիշեցրել է, որ նա 2013 թվականի սեպտեմբերին է նշանակվել Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան և անգամ եթե Լոնդոնում տեղակայված դեսպանատունը դիտարկվի որպես Հայաստանի տարածք, միևնույն է՝ վեց տարին չի լրանում, քանի որ դիվանագիտական աշխատանքից առաջ էլ Սարգսյանը Մեծ Բրիտանիայում էր բնակվում:

«Ինչ է նշանակում այդ վեց տարին և ինչ ձևով է այդ վեց տարին հաշվվում՝ շատ հստակ գրված է օրենքում: Ե՛վ Կառավարությունում, և՛ համապատասխան ծառայություններում, և՛ Ազգային ժողովում կան համապատասխան մարմիններ և մասնագետներ, որոնք այդ հարցին պատասխան ունեն», - նշել է նախագահի թեկնածուն: - «Ինձ համար շատ պարզ է՝ եթե պատասխանը այո է և ես որոշեմ, որ պատրաստ եմ ծառայելու Հայաստանին Հանրապետության նախագահի պաշտոնում, ապա իմ համաձայնությունը կտամ, եթե պատասխանը ոչ է՝ որևէ հարց չկա»:

Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ հերքել է, թե 1997-ին վարչապետի պաշտոնը թողել և Հայաստանից հեռացել է այն ժամանակ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ հակասությունների պատճառով: Նախագահի թեկնածուն վերահաստատել է հրաժարականի պաշտոնական պատճառը, թե՝ վատառողջ էր և պետք է վիրահատվեր․ - «Մեկնեցի բուժման՝ Լոնդոն, և օդանավակայանում ինձ Վազգեն Սարգսյանն էր ճանապարհում: Այսօր նույնիսկ հրաշքով Վազգեն Սարգսյանը լիներ իմ կողքին և երկուսով միասին ասեինք, որ դա սուտ է, միևնույնն է՝ կգտնվոին «սրամիտ» անձնավորություններ, որոնք կասեին, որ՝ հիմա պայմանավորվել են, սա էլ հերթական կոնսպիրացիան է»:

Արմեն Սարգսյանը պնդում է, որ ոչ ինքը, ոչ էլ ընտանիքն ու ազգականները Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան» ընկերության բաժնետեր չեն, ինքն ընդամենը երեք ամիս եղել է տնօրենների խորհրդի խորհրդատվական մարմնի անդամ․ ֊ «Լիդիանի» հետ իմ հարաբերությունը եղել է շատ պարզ: Լինի Լոնդոնում, Փարիզում, Եվրոպայում, որևէ տեղ․․․ եթե կա ընկերություն, որը հետաքրքրություն ունի Հայաստանում ներդրում անելու, ես միշտ պատրաստ եմ եղել և պատրաստ եմ նրանց հետ հանդիպել, խորհուրդ տալ և այլն: Դա չի նշանակում, որ նրանցից որևէ մեկի մեջ ես շահաբաժին ունեցել եմ կամ ունեմ: Չունեմ»:

Խորհրդարանը նոր նախագահին ընտրելու է մարտի 2-ին, Արմեն Սարգսյանն արդեն հանդիպել է իշխանական երկու՝ «Հանրապետական» և «Դաշնակցություն» խմբակցությունների անդամների հետ, հաջորդ շաբաթ կհյուրընկալվի նաև ընդդիմադիր «Ելք» և «Ծառուկյան» խմբակցություններում: Առանց մեկ տասնյակից ավելի ընդդիմադիրների ձայների Սարգսյանն առաջին փուլով չի կարողանա ընտրվել: Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժը դեռ դիրքորոշում չի հայտնել, իսկ «Ելք»-ը, թեև հանդիպելու է Սարգսյանին, բայց արդեն հայտարարել է, որ դեմ է քվեարկելու նրա թեկնածությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG