Մատչելիության հղումներ

Ալիևը «պատմական իրադարձություն» է որակում Ջոջուք Մերջանլի գյուղի վերականգնումը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունենում ռեգիոնների 2014-18 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման պետական ծրագրի արդյունքներին նվիրած համաժողովում, Բաքու, 29-ը հունվարի, 2018թ․
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունենում ռեգիոնների 2014-18 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման պետական ծրագրի արդյունքներին նվիրած համաժողովում, Բաքու, 29-ը հունվարի, 2018թ․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 29-ին ամփոփել է երկրի մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի արդյունքները: Նա ընդգծել է բնակարանաշինության, տեղահանվածների վերաբնակեցման հարցերը:

Ալիևը իր ծավալուն ելույթում խոսել է նաև Ջոջուք Մերջանլի գյուղը վերաբնակեցնելու մասին: «Անցած տարի մենք ավարտեցինք Ջոջուք Մերջանլի գյուղի վերականգնումը: Դա պատմական իրադարձություն է: Շիխարխ ավանում քաղաքատիպ բնակավայր է կառուցվել 1170 ընտանիքի, իսկ Ջոջուք Մերջանլիում՝ 150 ընտանիքի համար: Այս ծրագրերը շատ մեծ նշանակություն ունեն, քանի որ իրականացվել են նախկինում օկուպացված, բայց մեր բանակի կողմից ազատագրված տարածքներում», - ասել է Ալիևը՝ հավելելով, թե այդ ծրագրերի իրականացումը «ցույց է տալիս, որ Ադրբեջանը կվերականգնի տարածքային ամբողջականությունը և ավերված տարածքներում կկառուցի նոր քաղաքներ, գյուղեր, ավաններ, դպրոցներ, ամբողջական ենթակառույցներ»:

Ջոջուք Մերջանլին, հիշեցնենք, գտնվում է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած Լելե Թեփե բարձունքի հարակից շրջանում: Այս բնակավայրը Ադրբեջանի վերահսկողության տակ է դեռևս 1994 թվականից, սակայն պաշտոնական Բաքուն որոշեց այն վերականգնել և վերաբնակեցնել անցած տարվա սկզբին:

«Թրենդ», APA լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ Ալիևը հայտարարել է, թե «Ջուջուք Մերջանլիի և Շիխարխի օրինակը արտահայտում է երկրի և ժողովրդի կամքը, ցույց է տալիս, որ Ադրբեջանը երբեք չի հաշտվի օկուպացիայի հետ, որ ադրբեջանցի տարհանվածները պատրաստ են վերադառնել իրենց հողերը»:

Նա ասել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ադրբեջանի հիմնական խնդիրն է, նորից պնդելով որ հարցը պետք է լուծվի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:

Ալիևը խոսել է Ադրբեջանի ռեգիոնների 2014-18 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման պետական ծրագրի արդյունքներին նվիրած համաժողովում՝ թե՛ բացման, թե՛ փակման ժամանակ:

Ադրբեջանի նախագահի բերած տվյալներով՝ մինչև այսօր 265 հազար տեղահանվածներ ապահովվել են բնակարաններով և տներով:

Նա նաև մի քանի տնտեսական ընդհանուր տվյալներ է ներկայացրել՝ այդ թվում նշելով, որ Ադրբեջանի արտարժութային պահուստները այսօրվա դրությամբ կազմում են 42 միլիարդ դոլար: Ալիևի ասելով՝ անցած 14 տարիների ընթացքում երկրի տնտեսությունը ավելի քան երեք անգամ է աճել, աղքատությունը 50 տոկոսից նվազել է մինչև 5․5 տոկոսի, աշխատավարձերը ավելացել են 5, թոշակները՝ 8 անգամ, իսկ բնակչության թիվը ավելացել է 1 միլիոն 500 հազարով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG