Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը կարևորել է թե՛ ԵԱՏՄ, թե՛ ԵՄ-ի հետ մերձեցման՝ Հայաստանի արտաքին քաղաքական մոդելը


ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպում է գիտնականների հետ
ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպում է գիտնականների հետ

Մոտ երկու ժամ ԳԱԱ-ի առաջին հարկի նախասրահում գիտնականների հետ հանդիպման ավարտին սպասող լրագրողներին հերթապահ ոստիկանը հորդորեց լքել տարածքը, քանի որ, ասաց, Հանրապետականի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հեռացել է Ակադեմիայից։

Լրագրողները սպասում էին գլխավոր մուտքի մոտ՝ ակնկալելով հանդիպումից հետո հարցեր ուղղել Սարգսյանին․ ժամը 16-ին նա հենց այդպես էր եկել հանդիպման, սակայն որոշել էր հեռանալ այլ մուտքով: Ավելի ուշ պարզվեց, որ ակադեմիան մեկ այլ մուտք էլ ունի՝ շենքի հետնամասում: ԳԱԱ-ի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը լրագրողներին հավաստիացրեց, թե Սարգսյանի՝ լրագրողներից աննկատ հեռանալը ինքը չի կազմակերպել։ Լրագրողներից մեկի հարցին, թե նախագահի թեկնածուն ինչպե՞ս դուրս եկավ, պատասխանեց՝ «ինքնաթիռով․․․ ասումա՝ ինչպես․․․ ոտքով, սովորական»:

Ակադեմիա մտնելիս Արմեն Սարգսյանը լրագրողների ընդամենը մի քանի հարցի պատասխանել: Որոշները՝ մասնավորապես Հանրապետականի իշխանության օրոք Հայաստանից արտագաղթածների մասին հարցը, թողել էր անպատասխան։ Պնդել էր, որ դեռ վերջնական որոշում չունի: - «Թույլ տվեք ինձ իմ հանդիպումները շարունակել, և երբ որ ավարտեմ հանդիպումների ընթացքը, որոշումս կայացնեմ, դուք կլինեք առաջիններից մեկը, որ կիմանաք դրա մասին», - նշել էր նա:

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը վստահեցրեց՝ գիտնականների հետ այսօրվա հանդիպման նախաձեռնությունը Արմեն Սարգսյանինն էր: Ռադիկ Մարտիրոսյանի կարծիքով՝ էական խոչընդոտ չկա, որ Արմեն Սարգսյանը ընդունի Սերժ Սարգսյանի առաջարկն ու դառնա Հանրապետականի նախագահի թեկնածուն։

«Ե՛վ արտագաղթի մասին եղավ, և՛ մեր տնտեսության զարգացման: Պարոն Սարգսյանը շատ կարևորեց մեր երկրի արտաքին քաղաքականության այն մոդելը, որ մենք Եվրասիական միության և Եվրոպական միության հետ միաժամանակ պայմանագրեր կնքեցինք», - թեկնածուի հետ հանդիպման մասին պատմեց Մարտիրոսյանը:

«Ազատության» հարցին՝ իր տպավորությամբ Արմեն Սարգսյանը տեսնո՞ւմ է իշխանության մեղքի բաժինը Հայաստանից արտագաղթի հարցում, ԳԱԱ նախագահը պատասխանեց՝ «չգիտեմ, չեմ կարող այդպիսի եզրակացություն անել, բոլորովին»: - «Նա ասաց, որ մեր կյանքի տարբեր բնագավառներում պետք է լավ աշխատենք, հաջողություն ունենանք, որ արտագաղթ չլինի», - շարունակեց Ռադիկ Մարտիրոսյանը:

Լրագրողների հարցին, թե Արմեն Սարգսյանի հետ ի՞նչ հույսեր է կապում, ԳԱԱ նախագահը պատասխանեց․ - «Ամեն մարդու մեջ մենք պետք է տեսնենք մեծ հույս, որ ամեն մարդ իր գործով, իր գործունեությամբ պիտի նպաստի այս երկրի զարգացմանը: Նա դառել է Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր, հետո նա դառել է բիզնեսի մեջ մեծ հաջողություններ ունեցող մարդ: Այս բոլորը ասում են, որ նա կարողանում է կյանքում ստեղծված ամեն իրավիճակում այնպիսի որոշումներ ընդունել, որ նպաստի զարգացմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG