Մատչելիության հղումներ

Այսօր Պրահայում կկայանա ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլը


Չեխիա - Գրիգորի Կարասինը և Զուրաբ Աբաշիձեն Պրահայում հերթական հանդիպումից հետո պատասխանում են լրագրողների հարցերին, արխիվ
Չեխիա - Գրիգորի Կարասինը և Զուրաբ Աբաշիձեն Պրահայում հերթական հանդիպումից հետո պատասխանում են լրագրողների հարցերին, արխիվ

Չորեքշաբթի օրը Չեխիայի մայրաքաղաքում կմեկնարկի ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլը: Դրանց կմասնակցեն Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

Բանակցությունների ընթացքը հազիվ թե դյուրին լինի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանդիպմանը նախորդող օրերին Թբիլիսին և Մոսկվան մի շարք փոխադարձ մեղադրանքներ հնչեցրեցին: Դրանց հիմնական պատճառը ռուսական կողմի` Աբխազիայում և Հարավային Օսիայում` Վրաստանի հետ սահմանի երկայնքով մի շարք մաքսային կետեր բացելու որոշումն էր: Ռուսաստանի ներկայացուցիչները պնդում էին, որ այդպիսով կյանքի են կոչում Վրաստանի հետ դեռ 2011 թվականին կնքված համաձայնագիրը, ըստ որի՝ Աբխազիայով և Հարավային Օսիայի տարածքով «առևտրային միջանցքներ» պետք է անցնեն, որոնց գործունեությունը կարգավորվելու է շվեյցարական SGS ընկերության կողմից:

Հունվարի 25-ին, մինչդեռ, Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում նշում էր․ - «Քանի որ Վրաստանը չի ճանաչել իր նախկին տարածքի մի մասում երկու անկախ պետությունների ձևավորման փաստը, որոշակի անորոշություն կար՝ կապված այդ երկրի մաքսային սահմանների հետ: 2011-ի համաձայնագիրը, սակայն, հստակություն մտցրեց այդ հարցում: Այդ համաձայնագրում նշված են վրացական մաքսային ծառայության աշխարհագրական կոորդինատները` Կազբեգիի շրջանը Ռուսաստանի հետ սահմանին, Ինգուրի գետից հարավ գտնվող շրջանը (գետից այն կողմ Աբխազիայի տարածքն է) և Գորիի մերձակայքը` Հարավային Օսիայի հանրապետության սահմանից ոչ հեռու»:

Վրացական կողմը Կարասինի այս հայտարարություններն ու մաքսային անցակետերի ստեղծմանն ուղղված քայլերը բնորոշեց որպես «Ռուսաստանի Դաշնության կողմից այդ տարածաշրջանների բռնակցմանն ուղղված անօրինական քայլ»:

Այս զարգացումներին զուգահեռ, նաև հայտնի դարձավ, որ Հարավային Օսիայի զինված ստորաբաժանումների մի մասն առաջիկայում մտնելու է Ռուսաստանի զինված ուժերի կազմի մեջ:

Այս ամենը, ըստ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի, առիթ էր տալիս ենթադրելու, որ Պրահայում այսօր կայանալիք երկկողմ բանակցությունները բարդ մթնոլորտում կանցնեն:

«Մենք քննարկելու ենք [Պետդումայի կողմից] Ռուսաստանի և Ցխինվալիի տարածաշրջանի միջև միասնական ռազմական կազմավորում ստեղծելու մասին համաձայնագրի վավերացման հարցը: Չենք շրջանցի նաև վերջերս հայտնված տեղեկությունները, որոնց համաձայն՝ Ցխինվալիի տարածաշրջանում այսպես կոչված մաքսային անցակետեր են ստեղծվում: Կան թեմաներ, որոնք լուրջ մտահոգություն են առաջացնում», - նշում էր Աբաշիձեն Պրահա մեկնելուց առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG