Մատչելիության հղումներ

Այսօր նախատեսված է Մխիթարյանի առաջին ելույթը «Արսենալի» կազմում


Հայազգի ֆուտբոլային աստղ Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալի» համազգեստով, 22-ը հունվարի, 2018 թ.
Հայազգի ֆուտբոլային աստղ Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալի» համազգեստով, 22-ը հունվարի, 2018 թ.

Անգլիական պրեմիեր լիգայի 25-րդ տուրում այսօր երեկոյան Երևանի ժամանակով 23-ն անց 45-ին սկսվելու է մի խաղ, որը, հավանաբար, բոլոր հայ ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում կլինի: Լոնդոնի «Արսենալը» Ուելսում՝ Սուոնզի քաղաքում հյուրընկալվելու է «Սուոնզի Սիթիին»:

​«Սուոնզին» տվյալ պահին մրցաշարային աղյուսակի վերջին՝ 20-րդ տեղում է և վաստակած 20 միավորով համարվում է պրեմիեր լիգայից դուրս մնացողների հիմնական թեկնածուներից: Ենթադրվում է, որ այսօր «Արսենալի» կազմում դաշտ դուրս կգա Հայաստանի հավաքականի աստղ Հենրիխ Մխիթարյանը, ով վերջերս հեռացել է «Մանչեստեր Յունայթեդից»:

«Արսենալը» «Սուոնզիի» հետ անցկացրած վերջին հինգ հանդիպումներից չորսում առավելության է հասել, ընդ որում վերջին երեք խաղերում անընդմեջ է հաղթել: Ուշագրավ ևս մեկ վիճակագրական ցուցանիշ՝ պրեմիեր լիգայում վերջին տեղը գրավող թիմերի հետ անցկացրած վերջին 34 հանդիպումներում «Արսենալը» միայն մեկ անգամ է պարտվել․ դա տեղի է ունեցել 2011 թվականին, երբ զինագործները 3-4 հաշվով զիջել են «Բլեքբորն Ռովերսին»:

Այսպիսով, «Արսենալի» երկրպագուները, որոնց ճամբարին են միացել նաև բազմաթիվ հայ ֆուտբոլասերներ, կարող են հաղթանակ ակնկալել, և իսկապես կա այդ հավանականությունը: Բայց անգլիական պրեմիեր լիգան հենց նրանով է տարբերվում է ֆուտբոլային շատ լիգաներից՝ որ այստեղ կատաղի պայքար կարող է ընթանալ ցանկացած խաղում: Դա է պրեմիեր Լիգայի հմայքը:

«Սուոնզի Սիթին» անցած տուրում 1-0 հաշվով առավելության է հասել «Լիվերպուլի» նկատմամբ և այսօր էլ ամեն ինչ կանի աղյուսակի վտանգավոր գոտուց հեռանալու համար: Երկու ակումբների մարզիչները խաղի նախօրեին ընդգծված հարգանքով են խոսել միմյանց մասին: «Սուոնզիի» մարզիչ, պորտուգալացի նախկին կենտրոնական պաշտպան Կարլոս Կարվահալն ասել է, որ «Արսենալը» պրեմիեր լիգայի և ընդհանրապես ամբողջ աշխարհի լավագույն թիմերից մեկն է:

«Մենք կռիվ ենք տալու, ամեն ինչ կանենք, որ գտնենք նրանց գործողություններն արգելափակելու լավագույն ուղիները և օգտագործենք հնարավոր թուլությունները»,- ասել է Կարվահալը: «Արսենալի» մարզիչն էլ ացած տուրին է անդրադարձել, ասելով, որ «Լիվերպուլը» շատ վտանգավոր ակումբ է, ունի փայլուն հարձակում, բայց այդպես էլ չկարողացավ գոլ խփել «Սուոնզիին»: «Դա շատ լուրջ ահազանգ է մեր թիմի համար, մենք պարտավոր ենք բացարձակ հարձակողական մարտավարություն կիրառել»,- ասել է Արսեն Վենգերը:

Անցած ուրբաթ օրը նա գովեստով է խոսել հայազգի աստղի մասին, ասելով, որ ակումկում դեռ նրան ձեռք բերելուց առաջ գիտեին՝ Մխիթարյանը ֆանտաստիկ խաղացող է, իսկ հիմա արդեն ավելի լավ են պատկերացնում, թե դաշտի կոնկրետ որ հատվածում կխաղա: «Հենրիխ Մխիթարյանը կարող է արդյունավետ խաղալ կիսապաշտպանների բոլոր դիրքերում»,- ասել է Վենգերը:

Հենրիխ Մխիթարյանն այսօրվա հանդիպման կապակցությամբ ասել է, որ անհամբերությամբ է սպասում հարձակողական ֆուտբոլ խաղալու հնարավորությանը: Անգլիացի մարզական մեկնաբանների կարծիքով, այդ հայտարարության մեջ կա «Մանչեստեր Յունայթեդի» մարզչին հասցեագրված անուղղակի ուղերձ-կշտամբանք:

Անգլիայի պրեմիեր լիգայում չեմպիոնի հարցը գործնականում լուծվել է, «Մանչեստեր Սիթին» 65 միավորով առաջին տեղում է, երկրորդ հորիզոնականը 53 միավորով զբաղեցնում է նույն քաղաքը ներկայացնոող «Յունայթեդը»: Ոխերիմ մրցակիցներ են ոչ միայն Մանչեստերի երկու ակումբները, այլև 21-րդ դարի աշխարհի լավագույն մարզիչների ցանկում մշտապես ընդգրկվող կատալոնացի Պեպ Գուարդիոլան և պորտոգալացի Ժոզե Մոուրինյոն:

Վերջինս, թերևս, գիտակցում է, որ 12 միավորի տարբերությունը սոսկ տեսականորեն է հաղթահարելի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG