Մատչելիության հղումներ

Սիրիական կարգավորմանը նվիրված Սոչիի համաժողովը ուղեկցվում է սկանդալներով


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ելույթ է ունենում «Սիրիական երկխոսության համաժողովում», Սոչի, 30-ը հունվարի, 2018թ․
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ելույթ է ունենում «Սիրիական երկխոսության համաժողովում», Սոչի, 30-ը հունվարի, 2018թ․

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այդպես էլ չկարողացավ լիարժեք ուղերձով դիմել այսօր Սոչիում մեկնարկած «Սիրիական երկխոսության համաժողովի» մասնակիցներին: Պատճառը սիրիական ընդդիմության ներկայացուցիչների պահվածքն էր:

Նախարարի ելույթի ընթացքում սիրիացի ընդդիմադիրները մեղադրանքների տարափ ուղղեցին Լավրովին` մասնավորաբար Ռուսաստանի իշխանություններին մեղադրելով օդային հարվածների ընթացքում քաղաքացիական անձանց զանգվածային սպանությունների մեջ:

Լավրովին օգնության շտապեցին համաժողովին ներկա իշխանամետ սիրիացիները, որոնք սկսեցին ռուսերեն վանկարկել՝ «Կեցցե՛ Ռուսաստանը»: Դա, սակայն, թեժացած կրքերն առանձնապես չհանդարտեցրեց:

Ի դեպ, սկանդալները Սոչիում ծագել էին դեռ մինչև համաժողովի մեկնարկը: Մի քանի օր առաջ սիրիական ընդդիմության առաջատար ներկայացուցիչներից մի քանիսը հանդես էին եկել հայտարարությամբ` պնդելով, թե հրաժարվում են Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի համատեղ ջանքերով կազմակերպված Սոչիի համաժողովին մասնակցելու գաղափարից:

Այսօր առավոտյան էլ համաժողովի բոյկոտի մասին հայտարարեցին Սոչի ժամանած սիրիական ընդդիմության ևս 70 ներկայացուցիչներ: Ընդդիմադիրների այս խումբը հրաժարվեց լքել Սոչիի միջազգային օդանավակայանի տարածքը` հայտարարելով, թե այդ քայլով բողոքում են համաժողովի տարբերանշանի վրա Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշի պատկերման դեմ․ հիշեցնենք, որ սիրիական ընդդիմությունը չի ընդունում ոչ միայն Բաշար Ասադի կառավարության օրինականությունը, այլև դրա կողմից օգտագործվող պետական խորհրդանիշերը: Օդանավակայանը լքել չցանկացած ընդդիմադիրները հայտարարեցին, թե իրենց շահերը Սոչիի համաժողովի ընթացքում կներկայացնեն Թուրքիայի պատվիրակները:

Արդեն իսկ Սոչիում գտնվող ընդդիմադիր պատվիրակների մի մասը, սակայն, առայժմ բավական լավատեսորեն է տրամադրված: Համաժողովի մեկնարկից մի քանի ժամ առաջ ընդդիմության ներկայացուցիչներից մեկը` Լուայ Հուսեյնը, նշում էր․ - «Մենք Սոչի ենք ժամանել, որպեսզի կարողանանք նպաստել քաղաքական նոր կուրսի ձևավորմանը` ավելի քան մեկ տարի չգործող ժնևյան ձևաչափի փոխարեն»:

Սոչիի համաժողովի մյուս վիճահարույց թեման սիրիացի քրդերի մասնակցության հարցն էր: Թուրքական իշխանությունները կտրականապես դեմ էին սիրիացի քրդերի շահերը ներկայացնող «Ժողովրդավարական միություն» կուսակցության մասնակցությանն այդ համաժողովին: Անկարան պնդում է, որ քրդական այդ կազմակերպությունը Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական կառույց հռչակված «Քրդական բանվորական կուսակցության» (PKK) սիրիական մասնաճյուղն է: Ռուսական կողմը սիրիացի քրդերին ի վերջո հրավիրեց Սոչի` ճիշտ է, ոչ թե որպես միասնական պատվիրակություն, այլ անհատական հրավերների հիման վրա: Այդ մասին TACC գործակալությանը հայտնեց Սոչիում Ռուսաստանի պատվիրակությունը ղեկավարող Ալեքսանդր Լավրենտևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG