Ուզբեկստանի նախկին նախագահ Իսլամ Քարիմովի ավագ թոռը՝ Գյուլնարա Քարիմովայի որդին մեկ ամիս առաջ քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայի իշխանություններից: Այս մասին BBC-ի ուզբեկական ծառայությանը հայտնել է 25-ամյա Իսլամ Քարիմով կրտսերի փաստաբանը:
Անցած ամիս BBC-ի լրագրողների հարցմանն ի պատասխան Քարիմովի թոռը հայտարարել էր, թե պատրաստվում է դիմել քաղաքական ապաստան ստանալու համար: «Տեղի է ունեցել խոշոր իրադարձություն՝ կապված մորս հետ: Դա հույժ գաղտնի է պահվում: Սակայն ինձ տեղեկություններ են հասել, որ այդ մասին կհայտարարեն», - ասել էր նա՝ առանց հստակեցնելու, թե ինչի մասին «կհայտարարեն»:
Անցյալ տարվա ամռանը ուզբեկական իշխանությունները առաջին անգամ հաստատել են, որ նախկին նախագահի դուստրը՝ 45-ամյա Գյուլնարա Քարիմովան գտնվում է կալանքի տակ: Դատախազությունը նաև հաստատել է, որ նրան մի շարք ծանր մեղադրանքներ են առաջադրվել, ինչի համար Քարիմովան հինգ տարվա ազատազրկման է դատապարտվել:
Իսլամ Քարիմով կրտսերը մոր նկատմամբ հայրենիքում մեկնարկած հետաքննությունից հետո տեղափոխվել է Մեծ Բրիտանիա: Ավելի վաղ նա հայտարարել է, որ քույրը չի կարողանում դուրս գալ Ուզբեկստանից, իսկ մայրը 2014 թվականից գտնվում է տնային կալանքի տակ: