Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը հանդիպում է Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությանը


Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այս պահին հանդիպում է Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությանը, ինչպես նաև ինստիտուտների տնօրեններին:

Արմեն Սարգսյանն իր հանդիպումները երեկվանից է սկսել: Առաջինը որոշեց հանդիպել իշխանական ուժերի՝ Հանրապետականի և Դաշնակցության ներկայացուցիչներին:

Նախագահի իրենց թեկնածուին երեկ հանդիպած Հանրապետական խմբակցության անդամների Վահրամ Բաղդասարյանը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարը, այսօր ասաց․ - «Երեկվա հանդիպումից ես հասկացա, որ ինքը ամրապնդեց իր որոշումը դեպի դրականը, դեպի որոշում կայացնելը: Իհարկե, մեր պահանջները շատ էին նրանից՝ նկատի ունենալով նրա կապերը, նրա հեղինակությունը միջազգային հարթակներում, Սփյուռքում ունեցած նրա ազդեցությունը և ինքը հայտնեց իր պատրաստակամությունը, որ այդ խնդիրները, որը իր լիազորությունների մեջ է՝ ինձ թվում է, որ արդեն ուներ նա մշակած»:

«Ազատության» հարցին՝ Հանրապետականը ի՞նչ պահանջ դրեց Արմեն Սարգսյանի առաջ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց․ - «Պահանջները չէր․․․ այսինքն՝ մենք նրա ունակություններից ելնելով․․․ բնականաբար, ով շատ հնարավորություններ ունի, նրանից ավելի շատ ես պահանջում: Մենք բավականին լուրջ խնդիրներ ունենք Սփյուռքում մեր միասնության հետ կապված, մենք գիտենք, որ ունեցել ենք և նաև խնդիրներ ունենք տարբեր համայնքներում և ինքը կարող է մեծ դերակատարություն ունենալ: Ամենակարևոր հանգամանքներից մեկը, որ ինքը հայտնում էր իր պատրաստակամությունը, դա ներդրումային ցանցի ավելացումն է, որ ինքը իր կապերով, իր լիազորություններից օգտվելով կարողանա բավականին նպաստել: Եվ նմանատիպ շատ հարցեր»:

Լրագրողներից մեկի հարցին, թե Արմեն Սարգսյանին ի՞նչն է գրավում նախագահի պաշտոնում, նկատի ունենալով տեղեկությունները, որ նա Անգլիայում շատ բարեկեցիկ կյանքով է ապրում, բիզնեսներ ունի, առավել ևս, որ Հայաստանում ապրիլից հետո ընտրվելիք նախագահի պաշտոնը անգլիական թագուհու կարգավիճակի հետ է համեմատվում, Վահրամ Բաղդասարյանը արձագանքեց․ - «Ձեր համեմատությունը կոպիտ էր, պատասխանը կարճ է՝ հայրենասիրությունը և հայրենիքի նկատմամբ իր ունեցած պարտքը»:

«Ազատության» դիտարկմանն էլ, թե Արմեն Սարգսյանը պնդում է, որ մինչև այս պահը վերջնական որոշում չունի, երեկվա հանդիպմանը փակագծեր բացե՞լ է, ի՞նչը նրան կարող է ստիպել չկայացնել այդ որոշումը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց․ - «Չկայացնելու մասին չենք խոսում, առայժմ խոսում ենք կայացնելու մասին և երեկվա հանդիպումից ես հասկացա, որ ինքը ամրապնդեց իր որոշումը դեպի դրականը: Եվ ես խնդրում եմ՝ շատ մանրամասն հարցերից ձեռնպահ մնացեք մինչև փետրվարի 18-ը, երբ արդեն կլինի պաշտոնական առաջադրումը: Ես համոզված եմ պարզապես, որ Արմեն Սարգսյանը կգնա այդ քայլին: Երբ որ կլինի պաշտոնական առաջադրումը և մենք ազատ կարող ենք արտահայտվել այդ մասին, և նաև ինքը հնարավորություն կունենա լրագրողների և հանրության հետ անմիջական շփման մեջ մտնել»:

Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին փոխանցել էր, որ եթե նա համաձայնվի առաջադրվել, իրենք, ամենայն հավանականությամբ, կպաշտպանեն Սարգսյանի թեկնածությունը։

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ այսօր Արմեն Սարգսյանի հետ հանդիպելու պայմանավորվածություն չունեն:

Խորհրդարանի ընդդիմադիր ամենամեծ՝ «Ծառուկյան» խմբակցությունը մինչև այժմ դիրքորոշում չի հայտնել նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածության մասին:

Չնայած «Ելք»-ը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու Հանրապետականի նախագահի թեկնածուին, այնուհանդերձ Արմեն Սարգսյանը հանդիպելու խնդրանքով այնուամենայնիվ դիմել է ընդդիմադիրներին։

«Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ մյուս շաբաթվա ընթացքում կհանդիպենք: Ինքն է հանդիպումը նախաձեռնել և ինքն է թեկնածուն: Ինքը պետք է խոսի իր ծրագրերի մասին, իր տեսլականի մասին, իր պատկերացումների մասին: Լսողի դերում պետք է լինենք առաջին հերթին, նոր հետո հարցեր տանք: Այսինքն, մինչև չլսենք ինչ է ասում, կարծում եմ հիմա ասել, թե ինչ հարցեր կտանք՝ չենք էլ քննարկել», - նշեց խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG