Միխեիլ Սաակաշվիլին այսօր Ուկրաինայի Գերագույն դատարանում պայքարում է Ուկրաինայի կորցրած քաղաքացիությունը վերականգնելու համար:
Վրաստանի նախկին նախագահին և Օդեսայի շրջանի նահանգապետին քաղաքացիությունից իր հրամանագրով զրկել է նախագահ Պետրո Պորոշենկոն: Վերջինս անցյալ տարվա հուլիսին է Սաակաշվիլիին զրկել Ուկրաինայի քաղաքացիությունից, ինչից հետո Սաակաշվիլին՝ ի հեճուկս պաշտոնական արգելքների, մուտք է գործել Ուկրաինա և բողոքի տարատեսակ գործողություններ է կազմակերպել:
Սոսկ օրենքի տեսակետից Ուկրաինայի իրավապահները կարող էին նրան ձերբակալել և արտաքսել, սակայն Կիևում, հավանաբար, որոշել են չդիմել այնպիսի քայլերի, որոնք անխուսափելիորեն կսրեն վիճակը և սկանդալի պատճառ կդառնան: Վրացի քաղաքական գործիչն ապօրինի է որակում Պորոշենկոյի հրամանագիրը:
«Ուկրաինայի սահմանադրության համաձայն ոչ ոք չի կարող այսպես զրկվել քաղաքացիությունից, իսկ միջազգային օրենքների համաձայն, մարդուն չի կարելի զրկել քաղաքացիությունից, եթե նա որևէ այլ երկրի քաղաքացիություն չունի», - այսօր հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին:
Նա պահանջել է, որ դատարան ներկայանա և ցուցմունք տա անձամբ նախագահ Պետրո Պորոշենկոն, սակայն այդ պահանջը չի ընդունվել: Սաակաշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2004-2013 թվականներին: Նա դեռ խորհրդային ժամանակաշրջանից՝ Կիևի համալսարանում ուսանելու տարիներից, ծանոթ է Պորոշենկոյի հետ: 2015-ին Սաակաշվիլին Պորոշենկոյի հրավերով է ժամանել Ուկրաինա և ստանձնել Օդեսայի շրջանի նահանգապետի պաշտոնը, ինչից հետո զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից: Նրա ժամանումը շատերն ըմբռնել են որպես Ուկրաինայում համատարած կոռուպցիայի դեմ լուրջ պայքար սկսելու և մի յուրօրինակ «պերեստրոյկա» նախաձեռնելու վկայություն: Բայց Սաակաշվիլին երկար չի պաշտոնավարել: Շաբաթներ անց նա սկսել է գանգատվել, թե Օդեսայի շրջանում կոռումպացված տարրերը վայելում են Կիևի իշխանավորների աջակցությունը, ակնարկել է, որ կաշառակերության բուն կենտրոնը մայրաքաղաքում է:
2016 թվականի նոյեմբերին նա հրաժարական է ներկայացրել և կենտրոնական իշխանությանը մեղադրել է կոռուպցիայի դեմ պայքարին չաջակցելու և բարեփոխումների իրականացումը խոչընդոտելու մեջ: Այդպես նա Պորոշենկոյի դաշնակիցների ճամբարից աստիճանաբար տեղափոխվել է ընդդիմախոսների ճամբար:
Մինչդեռ, Կիևի իշխանությունը նրան մեղադրում է նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի «հանցավոր թիմի հետ համագործակցելու մեջ»: Պորոշենկոյի զինակիցները պնդում են, որ Սաակաշվիլիի կազմակերպած հակակառավարական ցույցերը Ուկրաինայի դեմ ուղղված ռուսական դավադրության մաս են կազմում:
Անցած ուրբաթ օրը Կիևի դատարանը վճռել է, որ Սաակաշվիլին պարտավոր է գիշերային ժամերին՝ երեկոյան 10-ից մինչև առավոտյան 7-ը, դուրս չգալ տնից: Սաակաշվիլիի բազմաթիվ աջակիցները վրդովմունքով են ընդունել վճիռը:
Սաակաշվիլին կտրականապես հերքում է Կիևի իշխանության և Պորոշենկոյի աջակիցների կողմից ներկայացրած մեղադրանքները և դրանք անվանում է անհեթեթություն, որի հիմքում քաղաքական դրդապատճառներ են: