Մատչելիության հղումներ

«Միջազգային պարտավորությունների կատարումը մեզ մոտ իմիտացիոն բնույթ է կրում». Բոստանջյան


Փորձագետները «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծում խնդիրներ են տեսնում։

Արդյո՞ք «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը միտված է կրթության որակի բարելավմանը. փորձագետները թերահավատորեն են մոտենում այս հարցին:

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Վարդան Բոստանջյանը նկատում է․ - «Ես երկար ժամանակ Ազգային ժողովում լինելով հանդերձ հասկացել եմ, որ միջազգային պարտավորությունների կատարումը մեզ մոտ իմիտացիոն բնույթ է կրում, մասնավորապես, դա վերաբերում է «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծին։ Էս օրենքի նախագիծը թող լինի, բարեփոխումը թող լինի, թող միջազգային պարտավորությունների դաշտում ճշտով մենք հանգրվանենք, բայց ուզում եմ հասկանամ՝ սա Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության մակարդակը բարձրացնում է, թե՝ չի բարձրացնում»։

Օրենքի նախագծում Բոստանջյանը կարևոր է համարում բուհերում կառավարման արդյունավետության բարձրացումը, դրանից զատ հավելում՝ օրենքի այս նախագծում խնդիրները շատ են:

«Նախաբակալավրիատ կատեգորիա է մտցված, հետո բակալավրիատ, դրանից հետո՝ մագիստրատուրա, ասպիրանտուրա: Բացարձակապես չկա ընկալում, թե որտեղ, ինչ ես անելու: Մասնավորապես, տեսեք, ասում է՝ նախաբակալավրիատում ստանում է, ձեռք է բերում մասնագիտական և գործնական գիտելիքներ, իսկ բակալավրիատում՝ համակողմանի և համակարգված գիտելիքներ։ Ուզում ես հասկանալ՝ սրանց մեջ տարբերությունը որն է։ Մեծ ֆանտազիա էլ ունենաս, չես կարող հայտնաբերել», - ասաց Բոստանջյանը։

Հիշեցնենք՝ հունվարի 18-ին Կառավարության հերթական նիստին հավանություն է տրվել «Բարձրագույն կրթության մասին» օրենքի, «Կրթության մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որի ընդունման արդյունքում, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի խոսքով՝ արմատական և որակական փոփոխություններ կիրականցվեն բարձրագույն կրթության ոլորտում:

Ըստ այս օրենքի նախագծի, բուհի կառավարող խորհրդի կազմը հաստատելու է վարչապետը:

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք»-ից պատգամավոր Արարատ Միրզոյանն այստեղ ևս խնդիր է տեսնում:

«Բոլորիս համար գաղտնիք չի, թե վարչապետը ով է լինելու: Ամեն ինչ հարմարեցվում է էդ մարդու տոտալ վերահսկողությանը», - ասաց Միրզոյանը։

Կրթության ոլորտում առաջընթաց ունենալու և կրթության որակը բարձրացնելու համար ամենևին էլ պետք չէ ամպագոռգոռ արտահայտություններ անել, ասում է Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն, կրթության փորձագետ Արևիկ Անափիոսյանը՝ հավելելով՝ որակը պետք է ապահովել դասավանդման և ուսումնառության մակարդակով:

«Դասավանդման և ուսուցողական մակարդակներում ունենք այն երկու խաղացողներին՝ դասախոսին և ուսանողին, որոնց որ մենք չենք տալիս ո՛չ հնարավորություն, ո՛չ գործիքներ, ո՛չ կարևորություն: Համաշխարհային շարժումը հանրակրթության ոլորտում փորձում է ազատվել չափորոշիչներից, բարձրագույն կրթության ոլորտում ենք չափորոշիչներ սահմանում և խոսում ենք քննական մտածողության և մնացած կարևորությունների մասին», - ասաց Անափիոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG