Հայաստանը պետք է միջազգային կառույցներում բարձրաձայնի Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման հարցը: «Ազատության» հետ զրույցում այսպիսի համոզմունք հայտնեց միջազգայնագետ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:
«Ադրբեջանը Ղրիմի հարցում, կամ Թուրքիան Ղրիմի հարցում ունեն շատ կոշտ դիրքորոշում՝ հակառուսական կարելի է ասել, իսկ Ռուսաստանը իրենց չի պատժում», - ընդգծեց Իգիթյանը «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հունվարի 28-ի թողարկման ժամանակ: Նրա կարծիքով՝ Ռուսաստանի հարցում «Հայաստանի «վախը» կամ զգուշավոր քաղաքականությունը հակառակ էֆեկտ է բերում և վնաս է մեզ»:
Ըստ Իգիթյանի՝ թեկուզ պատգամավորները պետք է առաջ տանեն այդ հարցը, մանավանդ որ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգում, մասնավորապես, «եղել են հարցեր՝ կապված մասսայական զենքի կիրառման խաղաղ բնակչության դեմ, տեռորիզմի, մարդու իրավունքների, և այդ հարցը կարելի է բարձրացնել, որ, նախ՝ խաղաղ բնակչության դեմ ծանր զենքի չկիրառման ինչ-որ բանաձևեր պետք է լինեն»:
«Ես գտնում եմ, որ Հայաստանը պետք է բոլոր ամբիոնները օգտագործի այս խնդիրը առաջ տանելու համար», - ընդգծեց միջազգայնագետը:
Հիշեցնենք, ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, տեղեկացրել էր, որ այս ամսվա կեսերին Բաքվի նավահանգիստ է հասել ռուսական արտադրության ժամանակակից սպառազինության հերթական խմբաքանակը:
Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ․