Մոսկվայի ոստիկանությունն այսօր մուտք է գործել ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի ղեկավարած «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» տարածք`պնդելով, թե այդտեղ տեղադրված ռումբի մասին ահազանգ է ստացվել:
Նավալնիի ղեկավարած կառույցի աշխատակիցները տարհանվել են, հիմնադրամը դադարեցրել է աշխատանքը:
Դա տեղի է ունեցել Նավալնիի կողմից ազդարարված «Ընտրողների գործադուլի» մեկնարկից մի քանի ժամ առաջ:
Դրան զուգահեռ Մոսկվայի կենտրոնում ձերբակալվել են Ալեքսեյ Նավալնիի թիմակիցներից մի քանիսն, այդ թվում՝ նրա մոսկովյան շտաբի գործող ղեկավար Սերգեյ Բոյկոն և նախկին ղեկավար Նիկոլայ Լյասկինը:
Բողոքի ակցիայի անցկացման վայրում` Տվերսկայա փողոցում, վաղ առավոտյան արդեն ոստիկանական ուժերի մեծ կուտակումներ էին նկատվում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիշեցնենք, դեռևս դեկտեմբերին հրաժարվել է գրանցել Նավալնուն որպես Ռուսաստանի նախագահի թեկնածու՝ դատվածության պատճառով։