Մատչելիության հղումներ

«Մենք կարող ենք վստահորեն նայել ապագային, որովհետև ունենք մարտունակ հայկական բանակ», Արա Բաբլոյան


«Մեր այսօրվա բանակը սերունդների սերտ կապի, փորձի ու պատվախնդրության համադրումն է», - այսօր Բանակի օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում ասել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ նշելով՝ այսօր առանձնահատուկ հպարտությամբ են մեծարում նրանց, ովքեր պաշտպանել ու պաշտպանում են խաղաղությունը, ազատությունն ու անկախությունը, ովքեր արժանապատվորեն են կատարում զինվորականի պարտքը, ովքեր հավատարիմ են երդմանը և խղճին։

«Այսօր վերստին խոնարհվում ենք նրանց հիշատակի առաջ, ովքեր առանց վարանելու իրենց կյանքը զոհաբերեցին հանուն անվտանգ ու ապահով հայրենիքի: Այս տոնական օրվա առթիվ շնորհավորանքներս նախևառաջ ուղղված են մեր զինվորներին ու սպաներին, առաջին հերթին` մարտական հերթապահություն իրականացնողներին և առաջնագծում ծառայողներին, ինչպես նաև բոլոր զինծառայողների ծնողներին ու հարազատներին»,- ասել է Բաբլոյանը:

ԱԺ նախագահը նաև շնորհավորել է բոլոր վետերաններին` Հայրենական պատերազմից մինչև Արցախյան ազատամարտ, ազատամարտիկից մինչև պաշտոնաթող զինվորական:

«Հայրենիքը, առավել ևս պետականությունը, չի կարող գոյություն ունենալ առանց պատշաճ պաշտպանության: Հայրենիքն ուժեղ է այնքան, որքան ուժեղ է նրան պաշտպանելու յուրաքանչյուրիս ցանկությունը: Մենք կարող ենք վստահորեն նայել ապագային, որովհետև ունենք մարտունակ հայկական բանակ, իր երկրին ու ընտանիքին նվիրված խիզախ զինվոր ու սպա, ում շնորհիվ մենք ապրում ենք խաղաղության ու անվտանգության պայմաններում, ովքեր ապահովում են հաղթանակը մարտադաշտում և անդորրը` թիկունքում, ում շնորհակալ ենք և երախտապարտ», - ասել է ԱԺ նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG