Վարչապետ Կարեն Կրապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ։
Ըստ Կառավարության պաշտոնական կայքէջի, ուղերձում մասնավորապես ասված է․ - «Սրտանց շնորհավորում եմ բոլորիս՝ այս կարևորագույն տոնի կապակցությամբ: Մենք առաջին հերթին երախտագիտությամբ հիշում ենք բոլոր նրանց, ովքեր կանգնած են եղել Հայոց բանակի ստեղծման ակունքներում և նրանց, ովքեր զոհաբերեցին իրենց կյանքը մեր անկախության և մեր հաղթական բանակի կերպարը կերտելու համար»:
Ընդգծելով, որ Հայոց բանակի կազմավորումը տեղի է ունեցել մեր անկախ պետականության ամենածանր տարիներին՝ պարտադրված պատերազմի պայմաններում, վարչապետը նշել է․ - «Այսօր հպարտությամբ ենք նշում, որ մեր Զինված ուժերն էին Հայաստանի անկախության առաջին ու գլխավոր ձեռքբերումը։ Այսօր անհնար է գերագնահատել Հայոց բանակի դերն ու նշանակությունը: 2016թ. ապրիլին, երբ հակառակորդի կողմից Արցախի նկատմամբ տեղի ունեցավ լայնածավալ ռազմական ագրեսիան, մեր բանակը կրկին ապացուցեց իր մարտունակությունը՝ ցույց տալով, որ միշտ պատրաստ է պատասխանել մեր հայրենիքի նկատմամբ ցանկացած ոտնձգության: Այսօր մենք հպարտությամբ ենք հիշում այն քաջ տղաներին, ովքեր իրենց վրա վերցրեցին այդ հարվածը։
Բոլոր զինծառայողներին մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և բարի ծառայություն` ի բարօրություն Հայաստանի Հանրապետության»: