Մատչելիության հղումներ

«Կարծում եմ՝ հիմա ունենք լրիվ նոր Միացյալ Նահանգներ»․ Թրամփ


Դավոսի այս տարվա Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենասպասված ուղերձներից մեկը ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթն էր, որի ընթացքում նա ներկայացրեց Ամերիկայի և աշխարհի տնտեսական կապերի, ինչպես նաև գլոբալ քաղաքական զարգացումների և մարտահրավերների կարգավորման իր տեսլականը:

«Ես հավատում եմ Ամերիկային, և որպես Միացյալ Նահանգների նախագահ ես միշտ առաջնահերթությունը կտամ Ամերիկային, ինչպես և աշխարհի բոլոր լիդերները պետք է առաջնային համարեն իրենց ղեկավարած երկրները», - հայտարարեց Թրամփը:

Նախագահն իր դավոսյան ուղերձում խոսեց ամերիկյան բարեփոխումների մասին, ասելով, որ տարիներ տևած քննարկումներից հետո հենց իր վարչակազմն է իրականացրել հարկային ոլորտի հիրավի պատմական նշանակության բարեփոխումը: ֊ «Բիզնեսն ազատականացվում է, բյուրոկրատական արգելքները չեղարկվում են, երբ այս տարվա փետրվարի 1-ին շարքային ամերիկացին կստանա ռոճիկի անդորրագիրը, կհամոզվի, որ ավելի մեծ գումար է տանում տուն», ֊ նշեց ԱՄՆ նախագահը: ֊ «Կարծում եմ՝ հիմա ունենք լրիվ նոր Միացյալ Նահանգներ, երկիր, որտեղ մարդիկ ամբողջ աշխարհից ցանկանում են գալ և ներդրումներ անել: Այն, ինչ հիմա կատարվում է պարզապես աննախադեպ է», - հավելեց նա:

Թրամփի հավաստիացմամբ, Ամերիկայի տնտեսությունը ծաղկում է շնորհիվ բարեփոխումների, և երկիրն ավելի գրավիչ ու մրցունակ է դառնում ոչ միայն ամերիկացի, այլև օտարերկրացի ներդնողների համար:

«Համեցեք Ամերիկան», ֊ նշեց Թրամփը, դիմելով ներկաներին, ու հավելեց․ ֊ «Նախևառաջ Ամերիկան» կարգախոսը բնավ չի նշանակում մեկուսացում, քանի որ երբ զարգանում է Միացյալ Նահանգները՝ զարգանում է նաև ամբողջ աշխարհը»:

ԱՄՆ նախագահը նշեց, որ Ամերիկան պատրաստ է բոլոր երկրների և տնտեսական միավորումների հետ վարել տնտեսական գործարքներ, բայց մեկ պայմանով՝ խաղի կանոնները պետք է լինեն արդար ու հավասար:

Ի դեպ՝ ակնարկելով Ռուսաստանը, սակայն այդ երկրի անունը չտալով, Թրամփը խոսեց էներգետիկայի մասին, ասելով, թե Ամերիկայի նպատակներից մեկն է դիվերսիֆիկացնել աշխարհում էներգակիրների մատակարարումը: ֊ «Ոչ ոք էներգակիրների հարցում չպետք է կախված մնա մեկ երկրից»,- ասաց ԱՄՆ նախագահը:

Խոսելով միջազգային մարտահրավերների մասին, Թրամփն ասաց, որ Ամերիկայի համար առաջնահերթություն են Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը և ահաբեկչութան դեմ պայքարը․ ֊ «Մենք շարունակում ենք մեր գործընկերներին հորդորել՝ պայքարել Իրանի կողմից ահաբեկիչներին սատարելու քաղաքականության դեմ և արգելափակել այդ երկրում միջուկային զենքի ստեղծումը, մենք նաև դաշնակիցների հետ աշխատում ենք «Իսլամական պետության» պես ջիհադական ահաբեկչական կառույցները ոչնչացնելու ուղղությամբ և շատ հաջող ենք դա անում: Ուրախ եմ հայտնել, որ «Իսլամական պետության» դեմ կռվող դաշինքը Սիրիայում և Իրաքում վերագրավել է այդ մարդասպանների կողմից հսկվող տարածքների գրեթե 100 տոկոսը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG