Մատչելիության հղումներ

Հայաստանի հավաքականը մեդալների հույս չունի


Ուղիղ երկու շաբաթից Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում մեկնարկող ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանի հավաքականը երեք մասնակից կունենա։ Դահուկավազքում Հայաստանը կներկայացնեն Շիրակի մարզից՝ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը, իսկ լեռնադահուկային սպորտում Կոտայքի մարզից՝ Աշոտ Կարապետյանը:

Կատյա Գալստյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ օլիմպիական խաղերին մասնակցելը իր համար մեծ իրադարձություն է, և լավ փորձ կլինի․ ֊ «Չեմ ասում, թե գնալու եմ՝հաղթեմ, բայց ավելի լավ կմասնակցեմ և իմ ունեցած արդյունքը կբարելավեմ»:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ մեդալների հույս չունեն, նրա խոսքով մեդալների հասնելու համար ձմեռային սպորտաձևերում լուրջ ներդրումներ պետք է արվեն, ինչը հիմա չկա։ ֊ «Մենք հեռու ենք մեդալներից, բայց կարծում եմ և նաև աշխատելու ենք, որ գա ժամանակը և պայքարենք նաև մեդալների համար», ֊ «Ազատության» հետ զրույցում նշեց Սարգսյանը: ֊ «Համեմատության կարգով ասեմ, որ ձմեռային մարզաձևերում մեդալն արժե մի քանի միլիոն դոլար: Այսինքն, դա այն գումարն է, որը տարիներ շարունակ, օլիմպիական ցիկլեր շարունակ ծախսվում է մարզիկների վրա»:

Չնայած մեծ գումարների բացակայությանը՝ Դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը ասաց, որ փորձում են սուղ միջոցներով մարզումները անցկացնել։ Հարավային Կորեայում էլ փետրվարի 9-ին մեկնարկելիք օլիմպիական խաղերին մասնակցությունը հայ դահուկորդների համար որպես լավ փորձ են դիտարկում։

«Մեր մարզիկները բավականին երիտասարդ են: Դահուկային սպորտում, բնականաբար, խոսում է փորձը, դիմացկունությունը և այլ գործոններ, և դեռևս իրենց համար մարզական կարիերան առջևում է», ֊ պարզաբանեց Գագիկ Սարգսյանը:

Վաղն արդեն միջազգային օլիմպիական կոմիտեն հրապարակելու է օլիմպիական խաղերի մասնակից գեղասահորդների ցանկը: Թեև հայ գեղասահորդների շանսերը փոքր են, բայց հնարավոր է նաև նրանք ուղեգիր ստանան։ Օլիմպիական խաղերը կկայանան Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում, փետրվարի 9-25-ը: Անկախության հռչակումից ի վեր Հայաստանը երբեք ձմեռային օլիմպիական խաղերի մրցանակակիր չի ունեցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG