Մատչելիության հղումներ

Գերմանիան Գյումրիում հյուպատոսություն բացեց 


Գյումրիում Գերմանիայի հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյան, Գյումրի, 26-ը հունվարի, 2018 թ․

Գերմանիան 4-րդ երկիրն է, որն այսուհետ Գյումրիում հյուպատոս կունենա: Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն այսօր Գյումրիում ներկայացրեց նորանշանակ հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանին՝ նրան հանձնելով Գերմանիայի դաշնային նախագահի և ԱԳ նախարարության հյուպատոսական արտոնագիրը:

Գերմանիայի հյուպատոսը կհամակարգի Շիրակի և Լոռու մարզերը: Դեսպան Մաթիաս Քիսլերից հետաքրքրվեցինք՝ եթե Հայաստանը չստորագրեր Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, հնարավո՞ր է, որ հյուպատոսարանը չբացվեր: «Դրա հետ բացարձակ կապ չունի: Իմ գործունեության առաջին իսկ ամիսներից արդեն պարզ էր, որ մենք այստեղ հյուպատոսի ինստիտուտի հիմնադրման կարիք ունենք: Այն ժամանակ դեռ խոսք չկար Եվրամիության հետ նոր համաձայնագրի մասին, ուստի՝ մեկը մյուսի հետ կապ չունի»,- պատասխանեց դեսպանը:

Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին էլ հայտարարեց, որ առաջիկայում Հայաստանին տրամադրվելիք 176 մլն եվրոյի աջակցության մեծ մասը ներդրվելու է Շիրակի մարզում: Դեսպան Քիսլերին նաև հարցրեցինք՝ արդյո՞ք Եվրամիության կողմից իրականացվելիք առաջիկա ծրագրերով է պայմանավորված հյուպատոսական ծառայության բացումը:

«Ըստ էության՝ այո: Զարգացման քաղաքականության շրջանակում Գերմանիայի ու Եվրամիության կողմից իրականացվող նախագծերը դրվում են համընդհանուր քննարկման, և մենք իսկապես այս տարածաշրջանի համար արդեն իսկ ունենք նախագծեր: Դրանցից կարող եմ առանձնացնել համայնքային զարգացմանն ուղղված աջակցությունը»,- պատասխանեց Հայաստանում Գերմանիայի դեսպանը:

Ինչ վերաբերում է Հայաստան-Եվրամիություն համաձայնագրով Երևանի ստանձնած պարտավորությունների կատարմանը, Մաթիաս Քիսլերի կարծիքով՝ դրա ընթացքում դժվարություններ կծագեն, որոնք առավելապես կապված կլինեն եվրոպական ստանդարտների ներդրման հետ: «Ես կասկած չունեմ, որ 2 կողմերն էլ կստանձնեն համաձայնագրից բխող պարտավորությունները: Գուցե դա այնքան էլ հեշտ չլինի, երբ հաշվի ենք առնում եվրոպական ստանդարտները, մասնավորապես, եվրոպական տեխնիկական ստանդարտները, բայց սա գործընկերային համաձայնություն է, ու Եվրամիությունն այս դեպքում հանդես կգա որպես գործընկեր և ընկեր՝ որոշակի աջակցություն ցուցաբերելով Հայաստանին՝ այդ համաձայնագրի դրույթներն իրականացնելու հարցում»,- պարզաբանեց Մաթիաս Քիսլերը:

Գերմանիայի կառավարությունը մտադիր է առաջիկայում Շիրակում ու Լոռիում մի շարք ներդրումային ծրագրեր իրականացնել: «Դրանցից ամենխոշորը Կապսի ջրամբարի վերկանգնման ծրագիրն է, որն ուղղված է ոչ միայն ջրամբարի չափերի մեծացմանը, այլև ոռոգման համակարգն այդ տարածաշրջանում ավելի արդյունավետ դարձնելուն»,- ասաց դեսպանը:

Ի դեպ նշենք, որ Գյումրիում Գերմանիայի հյուպատոսարանը Գերմանիա մեկենել ցանկացողներին վիզա տրամադրելու իրավասություն չի ունենա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG