Մատչելիության հղումներ

Համաշխարհային ինքնաոչնչացումը տեղի կունենա «երկու րոպե» անց


Atomic Scientists հանդեսի ներկայացուցիչներն առաջ են տանում աղետը խոհրդանշող ժամացույցի սլաքը, Վաշինգտոն, 25 -ը հունվարի, 2018 թ.
Atomic Scientists հանդեսի ներկայացուցիչներն առաջ են տանում աղետը խոհրդանշող ժամացույցի սլաքը, Վաշինգտոն, 25 -ը հունվարի, 2018 թ.

Գիտնականները ևս կես րոպեով առաջ են տարել խորհրդանշական ժամացույցի սլաքը, որն ազդարարում է մոլորակի կործանման վտանգը: Աղետի մեկնարկը կեսգիշերն է:

«Մեծագույն մտահոգությամբ մենք առաջ ենք շարժում սլաքը 2018 թվականին և խնդրում ենք աշխարհին այն հետ տանել: Այս պահին կեսգիշերին մնում է երկու րոպե»,- ասել է Ատոմագետների հանդեսի ղեկավար և հրատարակիչ Ռեյչել Բրոնսոնը:

Ատոմագետների հանդեսը գիտնականները հիմնադրել են 1945 թվականին՝ Հիրոշիմայի և Նագասակիի ռմբահարություններից անմիջապես հետո, իսկ խորհրդանշական ժամացույցը ստեղծել են 1947 թվականին: Այն ժամանակ աշխարհի վերջն ազդարարող ժամացույցի վրա սլաքները ցույց էին տալիս 12-ից 7 րոպե պակաս:

1953-ին, երբ Ամերիկիայի Միացյալ Նահանգների և Խոհրդային Միության գիտնականներն իրականացրել են ջրածնային ռումբերի սարսափազդու փորձարկումներ՝ գիտնականները սլաքն առաջ են տարել: Այդ տարի ևս ժամացույցի սլաքները հայտնվել են «ինքնաոչնչացումից երկու րոպե պակաս» դիրքում:

Հետագայում քաղաքական զարգացումների բերումով վտանգը նահանջել է, 1991 թվականին «կեսգիշերին» 17 րոպե էր պակաս, բայց 2000-ականներին վիճակը վատթարացել է: 2017 թվականին 2,5 րոպե էր պակաս, և ահա երեկ սլաքն առաջ են տարել ևս 30 վայրկյանով:

«Տարիների ընթացքում առաջին անգամն է, որ նույնիսկ չեն էլ նախատեսվում միջուկային սպառազինությունների կրճատման հարցով ռուս-ամերիկյան բանակցություններ: Ընդհակառակը՝ մենք սպառազինությունների մրցավազքի վերադարձն ենք տեսնում»,- ասել է Ատոմագետների հանդեսի անդամ Շարոն Սքուասոնին:

Մտահոգված գիտնականները նշում են, որ միջուկային համաշխարհային աղետի վտանգն առավել իրատեսական է դարձել, քանի որ Ամերիկան և Հյուսիասային Կորեան միմյանց են սպառնում, ժամանակ առ ժամանակ բախման եզրին են հասնում նաև Հնդկաստանն ուՊակիստանը:

«Ոչ միայն միջուկային առճակատման վտանգն է ստիպել առաջ տանել ժամացույցի սլաքը: Վտանգն ի հայտ է եկել մի ժամանակաշրջանում, երբ առկա է քաղաքական հաստատությունների, մամուլի, գիտության և «փաստ» հասկացության նկատմամբ վստահության կորուստ: Այս ամենը խոչընդոտում է խնդիրներն արդյունավետ կարգավորելու կառավարությունների ունակությունը»,- ասել է Ատոմագետների հանդեսի անդամ Լոուրենս Կրաուսը:

Գիտնականների փոխանցմամբ՝ գերտերությունները և միջուկային երկրները հարցերը դիվանագիտական եղանակով կարգավորելու փոխարեն միմյանց հասցեին կոշտ հայտարարություններ են անում, իսկ միջազգային կառույցները և հանրությունն առայժմ չեն կարողանում դրան հակազդել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG