Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն հայտարարում է անդրազգային հանցավոր խմբի բացահայտման մասին


Հայ-իրանական սահմանի Մեղրիի անցակետը, արխիվ
Հայ-իրանական սահմանի Մեղրիի անցակետը, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է անդրազգային հանցավոր խմբի բացահայտման մասին, որը Հայաստանի տարածքով իրականացրել է օտարերկրյա քաղաքացիների անօրինական միգրացիա դեպի Իրան, այնուհետև՝ Թուրքիա:

ԱԱԾ հաղորդագրության համաձայն, մասնավորապես, 2017 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում բացահայտվել է հայ-իրանական սահմանի Մեղրիի հատվածում Իրաքի 1, Ուզբեկստանի 1 և Իրանի 4 քաղաքացիների ապօրինի սահմանահատման 5 դեպք։

Իրականացված գործողությունների արդյունքում պարզվել է, որ այդ ապօրինի սահմանահատումները կազմակերպել են Իրանում և Թուրքիայում բնակվող նույն անձինք: Վերջիններիս ուղղորդմամբ օտարերկրյա քաղաքացիները ժամանել են Հայաստան, այնուհետև տաքսի ծառայություններ մատուցող ազգությամբ հայ վարորդները, հիմնականում գիշերային ուշ ժամերին, նրանց տեղափոխել են անմիջապես հայ-իրանական սահմանագծի մոտ՝ կազմակերպիչների կողմից նախապես մատնանշված վայր, որտեղից էլ հանցավոր խմբի անդամներից մեկը, կտրելով պետական սահմանի ինժեներատեխնիկական կառույցների փշալարերը, սահմանախախտներին ուղեկցել է Իրանի տարածք՝ Թուրքիա տեղափոխելու համար։

Քրեական գործով 6 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, նրանցից 3-ի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 3-ի նկատմամբ` հայտարարվել հետախուզում։

2017 թվականի դեկտեմբերին, ըստ հաղորդագրության, Ազգային անվտանգության ծառայությունը օպերատիվ տեղեկություններ է ստացել Թուրքիայից արտաքսված և անօրինական ճանապարհով նույն երկիր վերադառնալու ցանկություն ունեցող Ուզբեկստանի, Ղրղըզստանի, Թուրքմենստանի և Եմենի քաղաքացիների նոր խմբերի` Հայաստան ժամանելու մասին:

Իրականացված գործողությունների արդյունքում 2017 թվականի դեկտեմբերի 22-ին և 26-ին, 2018 թվականի հունվարի 15-ին և 19-ին հիշյալ օտարերկրացիների կողմից հայ-իրանական սահմանը հատելու փորձերը կանխվել են։

Ըստ ԱԱԾ-ի, տվյալ դեպքերով նույնպես փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ օտարերկրացիների տարանցման կազմակերպիչները Թուրքիայի և Իրանի վերը նշված նույն քաղաքացիներն են։

Վերջիններիս ինքնությունը պարզելու և Հայաստանի պետական սահմանի անձեռնմխելիության նկատմամբ հետագա հանցավոր ոտնձգությունները կանխելու նպատակով Ազգային անվտանգության ծառայության կողմից մշակվել է հատուկ միջոցառումների ծրագիր. տեղեկանալով կազմակերպիչների կողմից հերթական օտարերկրացու՝ Հայաստանում գտնվող և Ինտերպոլի գծով հետախուզվող Իրանի քաղաքացու ապօրինի սահմանահատման նախապատրաստական գործողությունների և պետական սահմանի ապօրինի հատման նախանշված վայրի մասին, իրանական կողմից սահմանախախտին դիմավորող անձին հենց հանցանքի կատարման վայրում բռնելու նպատակով դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները և ձերբակալել իրանական կողմից պետական սահմանն ապօրինի հատած՝ անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող Իրանի քաղաքացուն։

Տվյալ քրեական գործով արդեն իսկ 7 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, նրանցից 4-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

«Անօրինական միգրացիայի կազմակերպիչների ու նրանց հանցակիցների ամբողջական շրջանակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու հնարավոր այլ ուղիները պարզելու ուղղությամբ քննչական գործողությունները շարունակվում են, ձեռնարկվում են մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ», - հայտնում է ԱԱԾ-ն:

2017 թվականի ընթացքում իրականացված գործողությունների արդյունքում բացահայտվել է նաև հայ-վրացական սահմանով ապօրինի սահմանահատումների կազմակերպման դեպք։

Պարզվել է, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք, ապօրինի եղանակով գումար վաստակելու շահադիտական նպատակով, մի խումբ անձանց օժանդակությամբ, 2016-2017 թվականների ընթացքում 8 դեպքով կազմակերպել են իրավական կամ փաստաթղթային խնդիրներ ունեցող Վրաստանի 1 և ՀՀ 2 քաղաքացիների մեկնումը Հայաստանից Վրաստան կամ հակառակ ուղղությամբ՝ հայաստանի Լոռու մարզի անտառածածկ տարածքներով։

Հիշյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 13 անձ, որոնցից 1-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է նրա մահվան հիմքով, 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ 10 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

«Ապօրինի սահմանահատումների, ինչպես նաև միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամների կողմից Հայաստանի Հանրապետություն ներթափանցելու կամ ՀՀ տարածքը որպես տարանցիկ ճանապարհ օգտագործելու հնարավոր դեպքերի դեմ մղվող հետևողական պայքարի արդյունքում 2017 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտվել և ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում այդօրինակ դեպքերի առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 45 քրեական գործ, որոնցով 47 անձ (22-ը Հայաստանի Հանրապետության, իսկ 25-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ) ներգրավվել են որպես մեղադրյալ։ Նրանցից 40-ի վերաբերյալ 21 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 7 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում», - ասված է հաղորդագրությունում։

Ապօրինի սահմանահատումների բոլոր դեպքերով ԱԱԾ-ն «համագործակցել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների հետ, քրեական գործերով կատարված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության շնորհիվ վերհանվել են առկա միտումները, ապօրինի սահմանահատումների առումով առավել խոցելի վայրերը և սահմանային պահպանության ու վերահսկողության գործընթացում տեղ գտած բացթողումները։ Կատարված վերլուծությունների հիման վրա միջնորդագրեր և գրավոր առաջարկություններ են ներկայացվել իրավասու մարմիններ, արդյունքում՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի, ՀՀ-ում՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հետ համագործակցված՝ գործուն միջոցներ են ձեռնարկվել ի հայտ բերված թերացումները վերացնելու և նմանատիպ դեպքերը բացառելու ուղղությամբ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG