Մատչելիության հղումներ

Թաիրով-Փարաքար համայնքում գարշահոտությունն է մոլեգնում, միախառնվել են ոռոգման և կոյուղու ջրերը


Պատկան մարմինները տարիներ շարունակ չեն լուծում բնակիչներին հուսահատության եզրին հասցրած այս խնդիրը  

«Պահպանել մաքրություն» գրառմամբ ցուցանակը Թաիրով-Փարաքար համայնքում վաղուց կորցրել է իր ազդեցությունը: Այստեղ նույն ջրատարում միախառնվում են կոյուղաջուրը, ոռոգման ջուրը և կենցաղային աղբը: Բնակիչները ստիպված գարշահոտություն են շնչում, ջուրն էլ, ըստ նրանց, ոռոգման համար պիտանի չէ:

Երևանից ընդամենը 3 կմ հեռավորության վրա գտնվող՝ Արմավիրի մարզի Թաիրով-Փարաքար համայնքի բնակիչներն այս խնդիրն արդեն տարիներ շարունակ բարձրաձայնում են, սակայն պատկան մարմիններն այդպես էլ չեն շտապում լուծել այն:

«Շադրլու» ջրանցքով անցնող ջուրը, որը բաց է թողնվում Երևանյան լճից, նախատեսված է համայնքի այգիները ոռոգելու համար, սակայն այնտեղ կոյուղաջուրը խառնվում է ոռոգման ջրին, կենցաղային աղբն էլ խցանումներ է առաջացնում:

Ժորա Առաքելյանը, ով արդեն 45 տարի ապրում է այս տարածքում, ստիպված բնակվելու այլ վայր է փնտրում: «Պատուհանները բացել չի լինում, տանը շան հոտ ա գալիս, որովհետև լրիվ կոյուղին էդտեղ է, ոչ թե միայն մերը, այլ Արգավանդից բռնած, Թաիրովից բռնած, բոլորն էդտեղ ա: Ոչ մեկ չի մտածում, փակեն գոնե հոտ չգա: Ոչինչ, թող մարդիկ չջրեն: Իսկ հողամասից հողի հարկ են վերցնում, ջրի հարկ են վերցնում, ո՞ր ջրի համար: Էդ ջուրը վարակ ա, վարակ: Էնտեղ որ կանգնեինք, էդքան խոսեինք, երևի գլուխդ ցավեր, թողեիր գնայիր»,- ասում է Ժորա Առաքելյանը:

Այն մարդիկ, որոնք չեն կարողանում խմելու ջրով ոռոգել իրենց հողերը, ստիպված են ոչ պիտանի, կեղտոտ ջրով ոռոգում իրականացնել: Նրանք մտահոգ են, որ խնդիրը չլուծելու դեպքում հնարավոր է՝ համաճարակ սկսվի: «Կանալիզացիան լցվում է էստեղ, Փարաքարի սաղ հողերը դրանով ջրում են, ծառերը չորանում ա, միրգը չի ուտվում: Երեխեքի համար պատ-մատ ենք շարել, որ չընկնեն կանալը, խեղդվեն»,- ասում են բնակիչները:

Հայաստանում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը հանձնվել են Ջրային տնտեսության պետական կոմիտեի կառավարմանը: Տեղի կառույցի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչության պետ Արմեն Սերգոյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ խնդրի մասին տեղյակ են, սակայն իրենք ներդրումներ իրականացնելու հնարավորություն չունեն:

«Թաիրովի ջրահեռացման համար բավականին մեծ գումար է պահանջվում, որովհետև բավական մեծ գյուղ է, և էս պահին մենք չունենք էդ հնարավորությունը, մեր պլաններում էլ չկա դա»,- ասաց պաշտոնյան։

Նրա խոսքով՝ համայնքի ղեկավարն էլ իր հերթին պետք է վարչական միջոցներ կիրառի, որպեսզի գոնե աղբը չթափեն ջրատարի մեջ: Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը, մինչդեռ, հակադարձում է՝ ջրահեռացման համար իրենք միջոցներ չունեն, օգնողներ նույնպես: Տարիներ շարունակ դիմում-խնդրանքներով են հանդես գալիս, բայց միևնույն է՝ արձագանք չկա: Իսկ Ջրպետկոմի պաշտոնյայի դիտարկմանն արձագանքելով՝ ասաց․ «Մարդկանց համար 100 դրամն էլ խնդիր է, բռնենք էդքան տուգանենք՝ ո՞նց կլինի: Նենց մարդիկ են, որ զգուշացնում ենք՝ չեն անում»:

Ջրի պատճառով բնակիչներն այստեղ վախենում են հող մշակել: «Հլը արի դու էս ջրով ջրի ու սամիթը բերեմ ասեմ՝ առ բալիկ ջան, կեր որ ապրես: Ի՞նչ ապրես, 3 օր հետո կմեռնես: Ի՞նչ իրավունք կա 700 մետրանոց հողամասը չմշակվի: Ջրում ես՝ չորանում է, չես ջրում՝ չորանում է»,- ասում է բնակիչներից մեկը: Թաիրով-Փարաքար համայնքի բնակիչ Սևակ Ծատուրյանն էլ ստիպված է իր այգին խմելու ջրով ոռոգել, նա արդեն մեկ տարի է՝ տասնյակ դիմումներ է ներկայացնում տարբեր գերատեսչություններ՝ ահազանգելով հնարավոր համաճարակի մասին: Սակայն մինչ այժմ պատասխան չի ստացել:

«Իմ պատկերացմամբ՝ պետք է կոյուղի կառուցվի, մեր տված հարկերով իհարկե, որովհետև մի բան էլ դեռ հարկերը բարձրացնում են, իրենց մոտ դա շատ լավ ստացվում է»,- ասում է Ծատուրյանն ու շեշտում՝ տուրիզմ զարգացնել ցանկացող Հայաստանում գարշահոտ ջրանցքը հենց «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին է․ «Հայաստան այցելած տուրիստը որ ուղղակի կանգնի հանգստանա և սա տեսնի, հաստատ ինքը լավ հիշողություններով չի գնալու: Ու ինչ-որ մեկին խորհուրդ չի տալու, որ գան Հայաստան»:

«Ազատության» Արմավիրի մարզպետին ուղղած հարցմանը՝ արդյո՞ք բնակիչների և պատկան մարմինների հետ հանդիպումներ եղել են, և ի՞նչ է ծրագրվում իրականացնել խնդրի լուծման ուղղությամբ, հետևյալ պատասխանն է ստացվել․

«Խնդիրը գտնվում է մարզպետարանի ուշադրության ներքո: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հոկտեմբերին հանդիպել է տարածքի բնակիչներին, որից հետո այդ վայր է հրավիրել տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին և ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին: Նրանք ծանոթացել են ջրանցքի հակասանիտարական վիճակին, քննարկել կոյուղագծի կառուցման և ջրանցքի մաքրման հետ կապված հարցերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG