Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Քուրթ Վոլքերը վաղը Դուբայում հանդիպելու է Ռուսաստանի կողմից բանագնաց Վլադիսլավ Սուրկովի հետ: Նշեմ, որ նրանք այդ պաշտոններում նշանակվել են անցած ամռանը:
Դուբայում հունվարի 25-ին կայանալիք հանդիպման նախաշեմին Քուրթ Վոլքերը Կիևում բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությանը: Նա ասել է, թե հանդիպմանը պլանավորում է Ուկրաինայի հակամարտության հարցում ներկայացնել ԱՄՆ-ի դիրքորոշումը․ Մոսկվան դուրս է բերում իր զորքերն ու իր ենթակայության տակ գտնվող կազմավորումները, թույլատրում է ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի տեղակայումը, իրական օգնության է ցուցաբերում անվտանգության հաստատմանը և օգնում է Մինսկի համաձայնագրերի իրականացմանը:
«Կարծում եմ Մինսկի համաձայնագրերը կարգավորման համար պարունակում են բոլոր անհրաժեշտ տարրերը: Այն ինչ պակասում է՝ դա քաղաքական կամքն է»,- «Ազատության» հարցազրույցում ասել է Քուրթ Վոլքերը:
Ինչ վերաբերում է Ուկրաինայի խորհրդարանում արևելյան շրջանների վերաբերյալ վերջերս ընդունված օրենքին, ապա նա ասել է, որ այն «կանոնակարգում է» է ռազմական գործողությունները ռուսամետ անջատականների դեմ, բայց իրավիճակում ոչինչ չի փոխում: Նա ասել է, որ նոր օրենքը չի հակասում Մինսկի համաձայնագրերին:
Հիշեցնեմ, անցած շաբաթ Գերագույն ռադան վերաինտեգրման մասին օրենք ընդունեց, որն ըստ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի՝ կնպաստի Կիևի վերահսկողության վերականգնմանը Դոնբասի վրա: Օրենքում Ռուսաստանը «ագրեսոր» է համարվում, իսկ Դոնեցկի և Լուգանսկի շրջանները՝ «ժամանակավորպես օկուպացված տարածքներ»:
Ավելի վաղ Բրյուսելում, մասնակցելով կլոր սեղանի, Քուրթ Վոլքերն ասել էր, թե Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի ռազմական գործողությունները Վլադիմիր Պուտինի ցանկություններին հակառակ էֆեկտն ունեցան: Ըստ Վոլքերի՝ Պուտինը ցանկանում է , որ Ուկրաինան լինի ռուսամետ, ռուսական եղբայրական ընտանիքի մաս, սակայն «ներխուժելով ու տարածքներ գրավելով նրանք հակառակը արդյունքի հասան, Ուկրաինան հիմա ավելի միասնական է, ավելի ազգայնական, ավելի արևմտամետ՝ քան երբևէ»:
Մինչ Դուբայի հանդիպմանը մեկնելը Քուրթ Վոլքերը օրերս Կիևում բանակցել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ:
ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Քուրթ Վոլքերը և Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը նախորդ անգամ հանդիպել են անցած նոյեմբերին: Այդ հանդիպումից հետո Սուրկովն ասել էր, թե ամերիկյան կողմը խաղաղապահների հետ կապված 29 առաջարկ է ներկայացրել, որոնցից Ռուսաստանի համար ընդունելի են միայն երեքը:
2014-ի ապրիլից Ուկրաինայի արևելքում բռնկված հակամարտության հետևանքով ավելի քան 10 հազար 300 մարդ է զոհվել: