Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ում հարուցվել են քրգործեր` պաշտոնատար անձանց կողմից լիազորություններն անցնելու դեպքերով


Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) տեղեկացնում է, որ ծառայությունում քրեական գործեր են հարուցվել Ոստիկանության և Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ:

Ըստ հաղորդագրության, Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Կ. Գ.-ն հայտնել է, որ նախորդ օրը` Ռուսաստանի-ից Հայաստան էքստրադիցիայի ենթարկվելու ընթացքում, «Զվարթնոց» օդանավակայանում իրեն ուղեկցող ոստիկանները բռնություն են գործադրել իր նկատմամբ. քաշքշել են և իր կամքին հակառակ` հարկադրաբար տեսանկարահանել:

«Կ. Գ.-ն հայտնել է, որ ոստիկանների գործողությունների հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել», - ասված է հաղորագրությունում:

Ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված առերևույթ հանցագործության առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն:

Ըստ ծառայության, մեկ այլ քրեական գործ էլ հարուցվել է Երևանի բնակիչ Հ. Մ.-ի հաղորդման հիման վրա:

«Վերջինս Հատուկ քննչական ծառայությունում հայտնել է, որ իր վերաբերյալ Քննչական կոմիտեում քննված քրեական գործով նախաքննության ընթացքում Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության աշխատակիցներն իրեն 3 օր ապօրինի պահել են Կապանի ռազմական ոստիկանության հերթապահ մասում` այդ ընթացքում արգելելով ազատ տեղաշարժվել, նստել և քնել», - նշում է ՀՔԾ-ն՝ նշելով. - «Նկատի ունենալով, որ հիշյալ նյութերում առերևույթ առկա են ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցակազմի հատկանիշներ, ուստի Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ և ուղարկվել դատախազություն` քննչական ենթակայության հարցը լուծելու նպատակով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG