Մատչելիության հղումներ

«Ադրբեջանը դարձել է իր հայատյաց քաղաքականության զոհը»․ Շարմազանով


Էդուարդ Շարմազանով, 25-ը հունվարի, 2018 թ․
Էդուարդ Շարմազանով, 25-ը հունվարի, 2018 թ․

«Գրեթե ցանկացած միջազգային լուրջ իրադարձությունից հետո Ադրբեջանը պատասխանում է սադրանքով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք կապ տեսնում եք գիշերը տեղի ունեցած դիվերսիոն ներթափանցման փորձի և երեկ ԵԽԽՎ-ում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի միջև, հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

ԼՂ պաշտպանության նախարարությունը, հիշեցնենք, հաղորդել է, որ այս գիշեր հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ներթափանցման փորձ է կատարել, ինչը կասեցվել է: «Նման սադրանք եղավ նաև վերջերս կայացած՝ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո, դա եղավ Ժնևից հետո, երբ նրանց դիպուկահարի կրակոցից հայ զինվոր սպանվեց, դա եղավ նաև հիմա: Ադրբեջանն այս քաղաքականությամբ ցույց է տալիս, որ ինքը պատրաստ չէ կառուցողական բանակցությունների:

Խնդիրը հենց Ադրբեջանի ղեկավարության ուղեղներում է, իրենք դարձել են իրենց հայատյաց ռասիստական քաղաքականության զոհը»,- ասաց Շարմազանովը: Նման սադրանքները, սակայն, վերջինիս խոսքով, չեն կարող ազդել «Արցախի և Հայաստանի ժղովրդի քաղաքական կամքի վրա», և «ազատության ձգտումը երբեք չի կարող դրվել կասկածի տակ»։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի ելույթի՝ կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հատվածին, քաղհասարակության որոշ ներկայացուցիչներ տարակուսել էին՝ երբ Սարգսյանը խոսում էր կոռուպցիոներներին պատժելու մասին, ու՞մ նկատի ուներ՝ օֆշորային սկանդալում հայտնված Միհրան Պողոսյանի՞ն, որը պատգամավոր դարձավ:

ԱԺ հանրապետական փոխնախագահն այս առնչությամբ նշեց՝ քաղհասարակության ներկայացուցիչների քննադատությունը չի ուզում սվիններով ընդունել: Նաև պնդեց՝ կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց կա, բայց խնդիրներ էլ կան, որոնք «լինելու են միշտ»: «Նույնիսկ ԵԽԽՎ-ի նման հեղինակավոր կազմակերպությունում կոռուպցիոն սկանդալներ են լինում․․․ եթե նույնիսկ ժողովրդավարության բնօրրանում են կոռուպցիոն սկանդալներ լինում, Հայաստանն ապահովագրված չէ: Իշխանության խնդիրն է՝ ունենալ քաղաքական կամք և օրենսդրական բազա ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարում: Այդ իմաստվ՝ պայքարը լինելու է»,- հավաստիացրեց ԱԺ փոխնախագահը:

«Արմեն Սարգսյանը դրսից չէ»

Երկրում կարևորագույն պաշտոններ զբաղեցնելու համար ինչու՞ է Հանրապետականը թեկնածուներ հրավիրում դրսից, այլ ոչ թե հենց կուսակցության ներկայացուցիչների շարքերում փնտրում նրանց: Այդպես եղավ վարչապետ Կարեն Կարապետյանի պարագայում, այդպես է նաև այժմ՝ Հայաստանի հաջորդ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն ցանկանում է տեսնել Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին։ Այս հարցին Էդուարդ Շարմազանովը պատասխանեց․

«Նա դրսից չէ: Ի՞նչ է նշանակում դրսից: Արմեն Սարգսյանը Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանն է: Եվ նրա վերաբերյալ դրսից ասելով՝ առնվազն արդարացի չէ ու ճիշտ չէ: Նա Հայաստանի Հանրապետության դիվանագետ է, որը նշանակվել է դեսպան Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով:

Ինչ վերաբերում է հարցին, ինչու ոչ՝ ՀՀԿ-ից: Կներեք, դուք Սահմանադրություն չե՞ք կարդացել: Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահը պետք է լինի անկուսակցական: Մենք ո՞նց կարող ենք ՀՀԿ անդամի առաջադրել: Սահմանադրության պահանջը պետք է իրականացվի»:

Չնայած Շարմազանովի վերջին պնդմանը՝ փոփոխված Սահմանադրության՝ նախագահի լիազորությունների ժամկետին և նրան ներկայացվող պահանջներին վերաբերող դրույթը հստակ սահմանում է՝ հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ: Մինչև ընտրյալ նախագահի կողմից լիազորությունների ստանձնումը Սահմանադրությունը կուսակցական չլինելու պահանջ չի դնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG