Մատչելիության հղումներ

Իր մուտքը Վրաստան արգելելու հարցով Փոստանջյանը մտադիր է հասնել մինչև Եվրադատարան


«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հնարավոր է իր մուտքը Վրաստան արգելելու դեմ հայցով դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Այդ մասին նա հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Այս պահի դրությամբ ընդդիմադիր գործիչը բողոք է ներկայացրել Հայաստանի արտգործնախարարություն, Վրաստանում Հայաստանի և Հայաստանում Վրաստանի դեսպաններին և արգելքի վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել։

«Դիմել եմ նաև Մոգերինիին [Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ] և պարոն Յագլանդին [Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար], կսպասեմ, թե ինչ պատասխան ինձ կտրամադրեն։ Այնուամենայնիվ, սա ապօրինի կոպիտ գործողություն էր, որը չեմ կարծում, որ պետք է թույլ տրվեր վրացական իշխանությունների կողմից», - ասաց Փոստանջյանը՝ նշելով. - «Ընթացակարգերը պետք է պահպանել, որ կարողանալ հասնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և կարողանաս այնտեղ պատշաճ բողոք ներկայացնել իրավունքի խախտման վերաբերյալ, հետևաբար այս բոլոր ընթացակարգերը ես գործածելու եմ և սպառելու եմ»։

Ընդդիմադիր գործիչը նշեց՝ թե՛ Հայաստանը, թե՛ Վրաստանը Մարդու իրավունքների կոնվենցիայի անդամ են և պարտավոր ենք հարգել խոսքի ազատությունը, կարծիք տարածելու ազատությունը, հավաքների ազատությունը։ «Դա մեր իրավունքն է», - ասաց Փոստանջյանը։

Նշենք՝ ընդդիմադիր ուժի ղեկավարը հավանական է համարում, որ վրացական կողմն իր մուտքի արգելքը սահմանել է Հայաստանի իշխանությունների խնդրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG