Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում հայտարարել է, որ իր բարեփոխական կառավարության աշխատանքով երկիրը որպես եվրոպական գերտերություն վերստին տեղ է գրավում գլոբալ զարգացումների էպիկենտրոնում: «Ֆրանսիան վերադառնում է»,- ասել է Մակրոնը:
Դիմելով մոլորակի բիզնես-վերնախավին, նա առաջարկել է համաշխարհային մակարդակով համագործակցել և «խուսափել հարկային համակարգի անզուսպ օպտիմալացումից»:
Մակրոնը Դավոսում անգլերեն արտասանած ելույթում ներկայացրել է իր կառավարության կազմած բարեփոխումների ծրագիրը:
«Ֆրանսիայում արգելված էր ձախողվել, արգելված էր հաջողել, մանևրելու հնարավորությունները սահմանափակված էին, հիմա շատ ավելի հեշտ է ձախողվել և ռիսկի գնալ», - ասել է 40-ամյա նախագահը, ով ժամանակին աշխատել է Ռոտշիլդի ներդրումային բանկում:
«Առևտրի բնագավառում մենք շարժվում ենք դեպի առավել ընդգծված պրոտեկցիոնիզմ և վերացնում գլոբալացման ապահոված նվաճումները», - հայտարարել է Մակրոնը:
Դավոսում նա ելույթ է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից հետո, ով նույնպես ընդգծել է համաշխարհային ազատ առևտրի կարևորությունը:
Դավոսում նախատեսված է ԱՄՆ նախագահի ելույթը, որով Դոնալդ Թրամփը, ամենայն հավանականությամբ, կվերահաստատի «Նախևառաջ՝ Ամերիկան» կարգախոսը: