Մատչելիության հղումներ

Թրամփը պատրաստ է երդման տակ պատասխանել Մյուլերի հարցերին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է Վաշինգտոնից մեկնել Դավոս, 24-ը հունվարի, 2018թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է Վաշինգտոնից մեկնել Դավոս, 24-ը հունվարի, 2018թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ պատրաստ է երդման տակ պատասխանել 2016 թվականի նախագահական ընտրություններին ռուսների միջամտության հանգամանքները քննող հատուկ խորհրդական Ռոբերտ Մյուլերի հարցերին:

«Իրականում ես անհամբերությամբ սպասում եմ դրան, ես կտամ պատասխաններ, որոնք կհավաստվեն երդմամբ», - ասել է Թրամփը, հավելելով, որ դա տեղի կունենա, ենթադրաբար, առաջիկա երկու կամ երեք շաբաթում:

Ամերիկյան հետախուզության եզրահանգմամբ, Ռուսաստանը 2016 թվականին փորձել է միջամտել Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին ու բարենպաստ պայմաններ ստեղծել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի համար և թուլացնել դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի դիրքերը:

Մյուլերը և Կոնգրեսի տարբեր հանձնաժողովներ առանձին քննում են ռուսների միջամտության գործը:

Կրեմլը մշտապես հերքում է միջամտության մեղադրանքը: Թրամփը պնդում է, որ միջամտության վարկածը շրջանառության մեջ է դրվել Քլինթոնի պարտությունն արդարացնելու համար:

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հաստատել է, որ Մյուլերի թիմը Ռուսաստանի միջամտության թեմայով հարցաքննել է նախարար Ջեֆ Սեշընզին:

Դա Մյուլերի թիմի կողմից Թրամփի կառավարության անդամի առաջին հարցաքննությունն է: Այն տեղի է ունեցել անցած շաբաթ և տևել է մի քանի ժամ, այլ մանրամասներ չեն հրապարակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG