Մատչելիության հղումներ

Շիրակի փաստաբանները նախազգուշական գործադուլ անցկացրեցին


Գյումրի, արխիվ
Գյումրի, արխիվ

Շիրակի մարզի շուրջ 30 փաստաբաններ այսօր նախազգուշական գործադուլ էին հայտարարել: Մարզի ընդհանուր իրավասությունների դատարանում մեկ տասնյակից ավելի դատական նիստեր չկայացան:

Փաստաբանները միացել են իրենց ավելի քան 1000 գործընկերներին, ովքեր բողոքում են «Դատական օրենսգրքի» նոր նախագծի դեմ, որով դատարանը կարող է փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառել և մինչև 100 հազար դրամ տուգանել: Նոր օրենսգիրքն խորհրդարանում արդեն առաջին ընթերցումը անցել է: Փաստաբան Հայկ Հարությունյանի կարծիքով՝ նախագծով փորձ է արվում սահմանափակել փաստաբանների անկախությունը:

«Մենք գտնում ենք, որ այդ դրույթով խաթարվում է փաստաբանի անկախությունը», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հարությունյանը:

Արամայիս Հայրապետյանն էլ հավելեց՝ օրենքում հստակ գրված չէ, թե որ դեպքում է դատավորն իրավասու սանկցիա կիրառել և որ դեպքում որքան գումարով կարող է պատժել փաստաբանին․ - «Նախագծում նշվում է՝ դատարանի ուղղակի կարգադրությունը չկատարելու դեպքում․․․ չի նշում՝ օրինական: Եվ երկրորդը՝ դատական կարգը խախտելու դեպքում․․․ չի նշում՝ որը արտահայտվել է անհարգալից վերաբերմունքով: Եվ առավել աբսուրդայինը՝ դատական նիստերի դահլիճում կամ դատարանի շենքում այնպիսի վարքագիծ դրսևորելը, որը կարող է վիրավորական լինել դատարանի կամ դատավորի նկատմամբ: Ընթացակարգային որևէ երաշխիք, որ՝ պետք է այս ընթացակարգը անցնի, նոր վերածվի սանկցիայի, գոյություն չունի: Սրանք կամայական օգտագործման լծակներ են»:

Աննա Դավթյանն էլ համոզված է, որ այս օրենսգիրքը մշակողները փորձում են աղմկոտ գործերը լռեցնել և Եվրոպական դատարան ուղարկվող բողոքների թիվը նվազեցնել․ - «Ես կարծում եմ, որ դա նաև աղմկոտ դեպքերի հետ է կապված և նաև Եվրադատարանում մեր փաստաբանների ջանքերով հասած որոշակի հաջողությունների»:

Եթե փաստաբանն ու նրա պաշտպանյալը գտնում են, որ դատավորը կաշկանդված է և նրան ինքնաբացարկ են հայտնում, այս դեպքում, ըստ փաստաբանների, դատավորը կարող է համարել, որ անհարգալից վերաբերմունք է դրսևորվել դատարանի հանդեպ ու տուգանել փաստաբանին: Մամիկոն Մուրադյանն ասում է՝ փաստաբանը կարող դատական ճանապարհով բողոքարկել դատավորի կայացրած որոշումը, սակայն գործընթացը կարող մինչև մեկ տարի տևել․ - «Նշված գործընթացը բավականաչափ երկար է, կարող է տևել մեկ տարի ժամանակ, բայց այս ընթացքում, որ գործընթացը չի կասեցվում, կարող է մեր բոլոր հաշիվների, անձնական գույքի վրա կալանք դրվել ու դա նույնպես արհեստականորեն միջոց է, որպեսզի փաստաբանին կաշկանդված պահեն»:

Փաստաբաններն ասում են, որ գործող օրենսգիրքը անկախ լինելու լիարժեք հնարավորություն է տալիս, և եթե կարգ է խախտում, ապա գործող մեխանիզմը բավարար է փաստաբանին կարգապահական տույժի ենթարկելու համար: Նոր օրենքի անհրաժեշտություն չեն տեսնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG