Մատչելիության հղումներ

Եվրոպայի խորհուրդը հակահայկական զեկույցի հեղինակին կասկածում է կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինելու մեջ


ԵԽԽՎ նիստերի դահլիճում, արխիվ
ԵԽԽՎ նիստերի դահլիճում, արխիվ

Եվրոպայի խորհուրդը Բոսնիայի խորհրդարանի պատգամավոր և ԵԽԽՎ պատվիրակության անդամ Միլիցա Մարկովիչին կասկածում է կոռուպցիոն գործարքների հետ առնչություններ ունենալու մեջ: Վերջինս, հիշեցնենք՝ 2016 թվականին հեղինակել էր «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերտառությամբ աղմկահարույց հակահայկական զեկույցը։

Մարկովիչը հերքում է կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինելու մեղադրանքները, այդ թվում՝ ադրբեջանական իշխանություններից կաշառք վերցնելու մասին պնդումները: Ավելին՝ ԵԽԽՎ պատվիրակության անդամն ասում է, թե հենց հայկական կողմն է իրեն կաշառք առաջարկել ու ձախողվել:

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում գտնվող Սարսանգի ջրամբարը որպես սպառնալիք ներկայացնող Մարկովիչը, ով իր զեկույցը պատրաստելիս այդպես էլ չի այցելել ո՛չ Լեռնային Ղարաբաղ, ո՛չ էլ Հայաստան, փաստաթղթում պնդել է, թե հայկական կողմը Սարսանգի ջրամբարը որպես զենք է օգտագործում, սպառնալով ադրբեջանցիներին և նրանց զրկելով գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունից:

«Ազատության» բալկանյան ծառայության փոխանցմամբ՝ Բոսնիայի արտգործնախարարությունը ևս հաստատել է, որ բոսնիացի երեք օրենսդիրներ կասկածվում են կոռուպցիոն գործարքներին առնչվելու մեջ, որոնք հետաքննում է Եվրոպայի խորհուրդը: Բոսնիայի ԱԳՆ-ն, սակայն, չի հստակեցնում՝ արդյո՞ք Մարկովիչը կասկածվում է հենց Ադրբեջանի հետ հնարավոր կոռուպցիոն առնչություններ ունենալու մեջ, ինչի մասին տևական ժամանակ բարձրաձայնում է հայկական կողմը:

Միլիցա Մարկովիչի՝ բացառապես ադրբեջանական կողմի հետ համագործակցության արդյունքում պատրաստած զեկույցը, հիշեցնենք, բողոքի մեծ ալիք էր բարձրացրել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում: Ընդդիմախոսների մեղադրանքներին հակադարձելով՝ Մարկովիչն այն ժամանակ առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու հայտարարում էր, թե «ցանկացել է Հայաստան այցելել տեղեկատվություն ստանալու և փոխանակելու նպատակով, սակայն հնարավորություն չի ունեցել»։ Մինչդեռ, ըստ Ստեփանակերտի, ԼՂ իշխանությունները Մարկովիչի հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել էին:

Թեև Բոսնիացի պատգամավորը փորձել էր Սարսանգի մասին զեկույցը ներկայացնել որպես հումանիտար խնդիր, այդուհանդերձ, պատվիրակները, ընդ որ որում ոչ միայն հայաստանցի, նկատել էին տալիս, որ Մարկովիչն օգտվել է պաշտոնական Բաքվի բառապաշարից՝ կիրառելով տերմիններ ու ձևակերպումներ, որոնք անընդունելի են ոչ միայն հայկական կողմի, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համար։ Այդ փաստաթղթում, հիշեցնենք, նաև կոչ էր արվում՝ հայկական զորքը դուրս բերել Ղարաբաղից։

«Ազատության» բալկանյան ծառայության հետ զրույցում բոսնիացի պատգամավորը հերքում է իր հասցեին հնչող մեղադրանքները: Ավելին՝ նրա պնդմամբ՝ եթե կան մարդիկ, որոնք կաշառված են ու ապօրինի, կոռուպցիոն գործողություններ են կատարում, դրանք հայկական պատվիրակության անդամներն են:

«Նրանք փորձեցին և ձախողվեցին: Եվ երբ ձախողվեցին՝ ընդունվեց բանաձևի այն տեքստը, որը կա և որը նրանց չի բավարարում: Դրանից հետո, իհարկե, այդ ամենի համար ինձ մեղադրող այս պատմությունները սկսվեցին», - «Ազատություն» ռադիոկայանի բալկանյան ծառայության փոխանցմամբ՝ հայտարարել է Միլիցա Մարկովիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG