Մատչելիության հղումներ

Կառավարությունը չի պարզաբանում՝ ի՞նչ ինքնաթիռով է վարչապետը մեկնել Դավոս


Լուսանկարը՝ Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջի

9 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը դարձյալ մասնակցում է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին: Կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Դավոսում հանդիպում է ունեցել իսպանական «Ակցիոնա» ընկերության ղեկավարների հետ՝ քննարկելով արևային և հողմային էներգետիկայի ու ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Ընկերության ներկայացուցիչները նշել են՝ նախատեսում են տեսանելի ապագայում այցելել Հայաստան՝ տեղում ներդրումային հնարավորություններին ծանոթանալու նպատակով:

Կառավարությունից առայժմ չեն հայտնում՝ արդյո՞ք Կարապետյանը ելույթ ունենալու է Դավոսում: Շվեյցարական փոքրիկ քաղաքում երեկ մեկնարկած համաժողովն ավարտվելու է հունվարի 26-ին: 1971 թվականից անցկացվող և մի քանի օրվա ընթացքում աշխարհի քաղաքական ու տնտեսական ազդեցիկ գործիչներին մեկտեղող դավոսյան համաժողովը համարվում է տնտեսական ու քաղաքական պայմանավորվածությունների կայացման միջազգային կարևոր հարթակներից մեկը:

Ըստ կառավարության լրատվական ծառայության, վարչապետ Կարապետյանը Դավոսից Երևան կվերադառնա վաղը ուշ երեկոյան, մինչ այդ նա նոր հանդիպումներ կունենա: Սինգապուրի փոխվարչապետ Թարման Շանմուգարատնամի հետ երեկ համաժողովի շրջանակում ունեցած հանդիպմանը Հայաստանի վարչապետը վերստին կարևորել է Սինգապուրի օրինակը: «Շահագրգռված ենք խթանել բանակցությունները Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի ազատ առևտրի գոտու միջև: Այդպիսի համագործակցությունը կարող է նպաստել առևտրի ու ներդրումների աճին ու փոխշահավետ ծրագրերի իրականացմանը»,- մասնավորապես, նշել է Կարեն Կարապետյանը:

«Տաշիրը» ևս չի մեկնաբանում վարչապետին Շվեյցարիա հասցրած ինքնաթիռի պատկանելության հարցը

Հայաստանի վարչապետի դավոսյան այցն ուղեկցվեց ուշագրավ մի դրվագով: Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված լուսանկարներից պարզ դարձավ, որ հայաստանյան պատվիրակությունը Շվեյցարիա է մեկնել ո՛չ պետական ինքնաթիռով, ո՛չ էլ որևէ ավիաընկերության կանոնավոր չվերթով: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ազատությանը» հետևյալը հայտնեցին․ «Հայաստանի վարչապետը Դավոս է մեկնել մասնավոր օդանավով, որի վարձակալության համար պետբյուջեից գումար չի հատկացվել»:

Մեր հարցերը՝ հետևաբար ո՞վ է վճարել, որպեսզի վարչապետ Կարապետյանը մասնավոր ինքնաթիռով Հայաստանից մեկնի Շվեյցարիա, որքա՞ն է կազմել այդ գումարը, ինչու՞ է Հայաստանի վարչապետը համաձայնել՝ մասնավոր միջոցներով մեկնել Շվեյցարիա, կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն անպատասխան թողեց:

«Հայկական ժամանակ» պարբերականը երեկ հանդես էր եկել մի հրապարակմամբ, որում 11 նմանություն էր նշվել ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր՝ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանին պատկանող ինքնաթիռի և Հայաստանի վարչապետին Շվեյցարիա հասցրած ինքնաթիռի միջև:

«Ազատությունն» այսօր դիմեց «Տաշիր» ընկերությունների խմբին՝ պարզաբանում ստանալու համար: Խմբի բարձրաստիճան ներկայացուցիչ Զառա Աջեմյանը ևս հրաժարվեց այս հարցի առնչությամբ մեկնաբանություններ ներկայացնելուց: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի խոսքով, այս պարագայում հնարավոր է՝ գործ ունենք կոռուպցիոն ռիսկի հետ:

«Ռիսկ, այո, կա: Բայց եթե իր անձնական միջոցներն է [ծախսել], ինչ-որ մասնավոր մեկից վարձել է և լրիվ ինքն է վճարել, այդ դեպքում ես ինչ-որ կոռոուպցիոն բան չէի տեսնի: Իսկ եթե ինքը չի վճարել, ես դա ավելի շուտ կանվանեի քաղաքական կոռուպցիայի հնարավոր դրսևորում: Եթե ինչ-որ օլիգարխ է վճարել, դա իհարկե՝ բավականին լուրջ կոռուպցիա է»,- ասաց Վարուժան Հոկտանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG