Մատչելիության հղումներ

Ռուսաստանից զենք գնելու հարցում որևէ սահմանափակում չունենք․ Ալիև


Արխիվ

Բաքվի և Ռուսաստանի միջև սպառազինության վաճառքի նոր պայմանագրեր ստորագրելու հարցում որևէ սահմանափակում չկա: Այս մասին Դավոսում «Ռիա նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ռուսական գործակալությունը երեկ տարածած իր հաղորդման մեջ գրել է՝ Բաքուն և Մոսկվան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության նոր համաձայնագրերի կնքմանն ուղղված բանակցություններ են վարում, դրանց հետ կապված սահմանափակումներ Ադրբեջանի նախագահը չի տեսնում։

«Սա մի գործընթաց է, որը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է։ Այսօր ընթանում են բանակցություններ։ Դուք գիտեք, որ Ռուսաստանի ռազմատեխնիկական արդյունաբերությունը զարգանում է, և, ընդհանուր առմամբ, մեր համագործակցությունն այդ ոլորտում արդյունավետ է»,- «Ռիա նովոստիին» ասել է Ալիևը։

Վերջին տարիներին Բաքուն Ռուսաստանից շուրջ հինգ միլիարդ դոլարի սպառազինություն է գնել, այդ թվում՝ հարձակողական: Ըստ Ալիևի՝ այդ սպառազինության մեծ մասն Ադրբեջանն արդեն ստացել է, ու հիմա Բաքուն և Մոսկվան աշխատում են համագործակցության նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները ևս պարբերաբար հայտարարում են Ադրբեջանին զենք մատակարարելու պատրաստակամության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2016 թվականին մամլո ասուլիսի ժամանակ, պատասխանելով հայ լրագրողի հարցին, ասել էր․ «Ադրբեջանը հարուստ է և կարող է զենք գնել ցանկացած երկրից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG