Ռուսաստանի մշակույթի նախարարությունը հետ է կանչել «Ստալինի մահը» ֆիլմի ցուցադրության համար տված արտոնագիրը:
Արմանդո Իանուչիի ժապավենը Ռուսաստանում էկրաններ պիտի բարձրանար հաջորդ շաբաթ, սակայն նախարարության աշխատակիցները նախօրեին հայտարարել էին, թե ֆիլմում ծայրահեղականության տարրեր են նկատվում, «պղծվում են» սովետական շրջանի խորհրդանիշները՝ օրհներգը ու շքանշանները, և որ այն նպատակահարմար չէ ցուցադրել Ստալինգրադի ճակատամարտի 75-ամյակի շեմին:
Կատակերգությունը պատմում է, թե ինչպես են Ստալինի թիմակիցները իրենց առաջնորդի մահվանից հետո պայքարել հանուն իշխանության։
Մշակույթի նախարարությունը չի բացառում, որ կարող է ընդհանրապես արգելել ֆիլմի ցուցադրությունը Ռուսաստանում: