279.000 դրամից բարձր աշխատավարձ ստացողների հունվար ամսվա եկամուտները կկրճատվեն: Այսօր այդ մասին տեղեկացրեց Պետական եկամուտների կոմիտեի «Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի» անդամ Վահագն Համբարձումյանը:
«Այսինքն, մինչև այդ գումարի չափը հասնելը ինքը եկամտային հարկի դրույքաչափի փոփոխությունը դրական է ազդում հօգուտ աշխատողի: Դա 279 հազար դրամ է», - ասաց Համաբարձումյանը:
Հարկային օրենսգրքի փոփոխությունների համաձայն՝ հունվարի 1-ից խաղի նոր կանոններ են սահմանվել և փոփոխության են ենթարկվել եկամտահարկի դրույքաչափերը: Նախկինում 150,000-ից ավելի աշխատավարձ ստացողների եկամտային հարկը 26 տոկոս էր, այժմ այն դառնում է 28 տոկոս: Փոխարենը մինչև 150,000 դրամ աշխատավարձերը կհարկվեն ոչ թե 24.4, այլ 23 տոկոսով:
Ըստ Համբարձումյանի ներկայացրած մանրակրկիտ հաշվարկի՝ 280.000 -320.000 դրամ աշխատավարձ ստացողները էական կորուստներ չեն ունենա․ նրանց եկամուտները կնվազեն ընդամենը 20-ից 820 դրամով: 330.000 դրամից-800.000 դրամ եկամուտների դեպքում աշխատավարձը կնվազի 1220-ից մինչև 10.420 դրամով: 1 միլիոնից 2 միլիոն դրամ աշխատավարձի դեպքում՝ եկամուտները կնվազեն 14.420-ից 34.420 դրամով:
Բերենք մի կոնկրետ օրինակ․եթե աշխատավարձը նախքան հարկումը կազմում է 400,000 դրամ, ապա մինչև այս տարվա հունվարի մեկը հարկվելուց հետո աշխատողը առձեռն, մաքուր ստացել է 297,920 դրամ: Արդեն այս տարվանից կստանա 295,500 դրամ:
Այս թվերին զուգահեռ Համբարձումյանը մատնանշում է՝ հասարակության զգալի մասը՝ 90 տոկոսը, այդուհանդերձ մեծ գումարներ չի կորցնի, քանի որ 600,000 աշխատող բնակչության զգալի մասի աշխատավարձն, ըստ մասնագետի, չի հասնում 279.000-ի:
«Այո՛, մյուս 10 տոկոսի վրա բեռ է ավելացել, բայց ընդհանուր առմամբ՝ 600,000 վարձու աշխատողների 90 տոկոսը մտնում են 279,000-ի տակ», - ընդգծեց նա:
Ընդունելով, որ այս փոփոխությունը հիմնականում վնասում է քիչ թե շատ բարձր եկամուտներ ունեցող անձանց, Համբարձումյանը, այդուհանդերձ թվային այլ պատկեր էլ ներկայացրեց, պնդելով՝ բնակչության զգալի մասը հարկային նոր օրենսգրքից շահում է: Ըստ այդ հաշվարկի՝ 80,000 – 270,000 դրամ աշխատավարձի դեպքում եկամուտները 180-ից մինչև 2,380 դրամով ավելանում են:
Ի դեպ, «Ազատությունն» ավելի վաղ հարցում էր ուղարկել ՊԵԿ-ին և պարզել, որ ամսական մինչև 150 հազար դրամ ստանում է գրանցված աշխատողների գրեթե 70 տոկոսը՝ ավելի քան 421 հազար մարդ: 150 հազարից մինչև 2 միլիոն՝ մոտ 184 հազարը, իսկ ամսական 2.0 միլիոն դրամից ավելի ստանում է 1285 հոգի:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով, նույնիսկ եթե ՊԵԿ-ի ներկայացրած թվերն ընդունենք որպես օբյեկտիվ իրականություն, նշանակում է, որ իշխանություններն այս տարիների ընթացքում աշխատող մարդկանց 90 տոկոսի եկամուտները բարձրացնելու փորձ անգամ չեն արել: Տնտեսագետի պնդմամբ՝ ողջ տնտեսական քաղաքականությունն ուղղված է նրան, որ «չձևավորվի այդ խավը, որ երբևիցե չկարողանա մեջքը ուղղի, եկամուտները շատացնի, նաև քաղաքական տեսակետներ, մոտեցումներ և նպատակներ իր առջև դնի»։
Պետական եկամուտների կոմիտեի «Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի» անդամ Համբարձումյանն, այդուհանդերձ, չի կարծում, որ հարկային օրենսգրքի թիրախային խմբում միջին խավն է․ - «1 միլիոն դրամը համարում եք միջին խա՞վ»:
Նկատենք, որ 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացող մարդուն ի վերջո առձեռն մնում է 727,500 դրամ:
Հարկային օրենսգրքի այս դրույթը անհավասար պայմաններ է ստեղծում եկամուտները հայտարարագրողի և չհայտարարագրողի համար: Համբարձումյանն ընդունում է՝ մասնավոր սեկտորում թերհավատրագրումների, այսինքն եկամուտները թաքցնելու լուրջ խնդիր կա, այդուհանդերձ չի կարծում, որ դրույքաչափերի փոփոխությունը էլ ավելի կխորացնի այդ խնդիրը:
Վահագն Համբարձումյանի կարծիքով՝ աշխատողը պետք է ստիպի գործատուին ամբողջությամբ հայտարարագրել իր եկամուտները: Ընդունում է՝ դա տեղի կունենա այն ժամանակ, երբ աշխատողը երաշխիքներ ունենա, որ ինչ-որ հանգամանքներում եկամտահարկը կվերադարձվի․ - «Որը այսօր մեր օրենսդրության դեռևս մեկ ինստիտուտով է ներդրված, դա հիփոթեքային վարկերի եկամտային հարկերն են, որոնք որ վերադարձվում են»: