Մատչելիության հղումներ

Երթին մասնակցելը դեռևս հարցի լուծում չէ. Վարդան Բոստանջյան


Երթին մասնակցելը դեռևս հարցի լուծում չէ, այսօր «Ազատության» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը։

«Ազատություն»-ը Բոստանջյանից մասնավորապես հետաքրքրվեց, որ եթե Ազգային ժողովում չբավարարվեն թանկացումները մեղմելու վերաբերյալ «Ծառուկյան» խմբակցության պահանջները, խմբակցությունը կմիանա՞ փետրվարի 5-ին «Ելք»-ի՝ թանկացման դեմ երկրորդ երթին։

Բոստանջյանը նշեց՝ հայ իրականության մեջ երթ, կամ բողոքական կեցվածքը չի աշխատել պատմականորեն. - «Հայ մարդիկ հեղափոխության չեն գնա»։

Դիտարկմանը, թե «Ելք»-ը հեղափոխության պահանջ չի դրել, Բոստանջյանն այսպես արձագանքեց. - «Բայց հեղափոխությունները ծագում են նման իրավիճակներում։ Դա էլ խնդրի լուծման ձև է, ես որևէ կերպ չեմ ուզում դրան դեմ արտահայտվել, սակայն ես հասկանում են, որ հատկապես Հայաստանի Հանրապետության համար մարդը շատ թանկ է, ամենամեծ արժեքը մարդն է։ «Մարտի 1» ենք ունեցել, ունեցել ենք զոհ, միգուցե որակեք, որ ես վախվորած եմ մոտենում էդ հարցին, բայց ես ասում եմ՝ իմ դիտակետից մեկ հոգու կորուստն էլ մեծ ողբերգություն է տվյալ հասարակության համար, իսկ հեղափոխական, փողոց կեցվածքը միշտ ասում է այն մասին, որ դա ունենում է տխուր հետևանքներ»։

Հարցին՝ այս դեպքում նման վտանգ կա՞, Բոստանջյանը պատասխանեց. - «Այդպիսի վտանգ միշտ կա։ Ցանկացած փողոց դուրս գալը հղի է բացասական հետևանքներով հասարակության համար»։

Նշենք՝ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը թանկացումների դեմ պայքարում կարևորել էր խորհրդարանական քննարկումները։ Նա լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ անհրաժեշտ է փոփխություններ կատարել Հարկային օրենսգրքում և նվազեցնել եկամտահարկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG