Մատչելիության հղումներ

«Մեզ զրկում են պաշտպանվելու իրավունքից». Սեֆիլյանի գործով փաստաբանները դժգոհ են դատավարությունից


Ժիրայր Սեֆիլյանը դատական նիստերից մեկի ժամանակ, արխիվ

Ընդդիմադիր «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով փաստաբանները պնդում են՝ դատարանն այս գործը վերածել է «դատավարություն առանց կանոնների»:

Ըստ փաստաբանների, առ այսօր անցկացված 29 դատական նիստերից որևէ մեկի ընթացքում դատարանը Սեֆիլյանին արտահայտվելու հնարավորություն չի տվել:

Պաշտպան Արայիկ Պապիկյանը փաստում է՝ դատարանը կա՛մ իր պաշտպանյալին է դահլիճից հեռացնում, կա՛մ փաստաբանների նկատմամբ սանկցիաներ է կիրառում՝ ձգձգելով դատավարությունը:

Ընդդիմադիր «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն, ըստ մեղադրանքի, նախապատրաստել է զանգվածային անկարգություններ, կազմակերպված խմբի կազմում զենք է ձեռք բերել, որպեսզի ռազմավարական նշանակության շենքեր զավթի։

Սեֆիլյանի փաստաբանները պնդում են՝ մեղադրանքը հնարած է, դատական նիստերն էլ՝ իրավաբանության հետ աղերս չունեն:

«Անձը, ով պարբերաբար վեր է հանել Հայաստանում տիրող ցավալի իրավիճակները, բարձրաձայնել է, նրա նկատմամբ իրականացվում է հետապնդում, դա քաղաքական հաշվեհարդարի տեսակ է։ Ենթադրում ենք, հիմքեր ունենք կասկածելու, որ, ամենայն հավանականությամբ, սցենարը նախատեսված է, որ մինչև փետրվարի վերջ արդեն իսկ ավարտեն՝ հաշվի առնելով, որ գարնանն իշխանության փոփոխություններ պետք է լինեն, և ցանկալի է իշխանությունների համար, որպեսզի այդ փոփոխություններից առաջ կոնկրետ Սեֆիլյանի գործով արդեն ունենան այն դատական ակտը, որը շատ վաղուց արդեն պատրաստ էր», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պապիկյանը։

Արայիկ Պապիկյան, արխիվ
Արայիկ Պապիկյան, արխիվ

Պաշտպանն այս գործով նիստերը համեմատում է առանց դարպասի ու դարպասապահի ֆուտբոլային խաղի հետ ու եզրահանգում՝ այսպիսի պայմաններում արդար դատավճռի մասին մտածելը «միամտություն է»:

«Դատախազությունը, իսկ ավելի ստույգ դատարանը, մեզ առաջարկել է, հիմա ես պատկերավոր ասեմ, որպեսզի մենք ֆուտբոլ խաղանք, բայց իրենք պետք է չունենան դարպաս, մենք՝ դարպասապահ։ Մենք, բնականաբար, չենք կարող արդյունքի հասնել, իսկ իրենք ցանկացած պահի կարող են հասնել, որովհետև մեզ զրկում են պաշտպանվելու, այսինքն՝ դարպասապահ ունենալու իրավունքից», - նշեց Պապիկյանը։

Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքը, փաստաբանների պնդմամբ, հիմնված է երկու վկայի՝ ապօրինի զենքի շրջանառության գործով անցնող ու ստորագրությամբ ազատ արձակված Սմբատ Գալոյանի ու Հովհաննես Պետրոսյանի ցուցմունքների վրա:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասում է՝ չկա մեկ ապացույց, որ Սեֆիլյանն այս երկու վկաներից որևէ մեկին ճանաչում է:

Տիգրան Հայրապետյան, արխիվ
Տիգրան Հայրապետյան, արխիվ

«Կոնկրետ Սմբատ Գալոյանը խոսում է Հովհաննես Պետրոսյանի հետ, իրենց հեռախոսները լսում են, երկուսն էլ գործակալ են, մեկն ասում է՝ «Ժիրայր Սեֆիլյանն ուզում է զորամասեր գրավի», մյուսն ասում է՝ «հանկարծ չգնաս զորամաս գրավելու», էս ապացույցը բերում են, դնում են Ժիրայր Սեֆիլյանի մեղադրանքի հիմքում։ Ժիրայր Սեֆիլյանը ո՛չ նրան է ճանաչում, ոչ՝ նրան», - ասաց Հայրապետյանը։

Փաստաբանները տարակուսած են, եթե մեղադրող կողմը պնդում է, որ Սեֆիլյանը 200-ից 300 հոգանոց զինված խմբեր ու ենթախմբեր է ունեցել, ապա ինչո՞ւ նրանք առ այսօր չեն հայտնաբերվել:

Պաշտպանական կողմի պնդմամբ, Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված Գալոյանը բազմիցս մոտեցել է «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար անդամներ Ալեք Ենիգոմշյանին ու Սյուզան Սիմոնյանին և ասել, թե ինքը 300 համախոհ ունի, ովքեր կարող են սատարել «Հիմնադիր խորհրդարանին»:

Սեֆիլյանի փաստաբանները դատարանին միջնորդել են, որպես վկա, դատարանում լսել հենց Ենիգոմշյանին ու Սիմոնյանին, դատարանն այդ միջնորդությունը մերժել է:

«Փոխանակ դատախազությունն ու քննչական մարմինը բացահայտեն հանցագործության մանրամասները, պաշտպանական կողմը բացահայտում է ու դա չի հետաքրքրում ո՛չ դատարանին, ո՛չ դատախազությանը։ Չ՞է որ այս անձը մեղադրվում է զենքի ապօրինի շրջանառության մեջ, ու էդ անձն էլ 300 հոգի զինված խումբ ունի, պատասխան չկա», - հայտարարեց Հայրապետյանը։

Դատավարության ողջ ընթացքում Սեֆիլյանի փաստաբանները մատների վրա են հաշվել օրենքի այն կետերը, որոնք, ըստ նրանց, դատավոր Տաթևիկ Գրիգորյանը չի խախտել: Ըստ Փաստաբանների, դատավորը խախտումների հսկա փունջ է կուտակել, օրենքից դուրս նորամուծություններ մտցրել դատավարության մեջ:

Դատական նիստերի զգալի մասն էլ, ըստ նրանց, դատավորն ացկացրել է առանց Սեֆիլյանի ու նրա պաշտպանների:

Սեֆիլյանի պաշտպաններից Տիգրան Եգորյանը պնդեց՝ այն բոլոր միջնորդությունները, որոնք կարող են ապացուցել Սեֆիլյանի անմեղությունը, դատարանը մերժել է:

Տիգրան Եգորյան, արխիվ
Տիգրան Եգորյան, արխիվ

«Նման մանր դրսևորումները ցույց են տալիս, որ դատավորը ոչ միայն չի կառավարում իրավիճակը, այլ նաև չի էլ հուզում իրեն այդ իրավիճակը, չի հուզում այնպիսի էական խախտումներ, որոնք որ այսօր նա Հայաստանի Հանրապետության անունից ինքը թույլ է տալիս։ Ակնհայտ է այն մոտեցումն ու դիրքորոշումը, որ նախագահող դատավորը որդեգրել է, հանգեցնելու է արդար դատաքննության լիակատար խախտման», - ասաց Եգորյանը։

Դատավորի վարքը վերանայելու պահանջով փաստաբանները բողոքի տարբեր ակցիաներ են արել, դիմել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքի հանձնակատարին, անգամ Հայաստանի նախագահին ու արդարադատության խորհուրդ: Միայն վերջին ատյանից են գրություն ստացել, ըստ որի, Տաթևիկ Գրիգորյանին պատասխանատվության ենթարկելու հիմքեր չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG