Այսօր Լոռու մարզի 48 փաստաբաններ մեկօրյա գործադուլ արեցին՝ հրաժարվելով պաշտպանություն իրականացնել դատարաններում ու նախաքննական մարմիններում։
Լոռու մարզի փաստաբանները բողոքում են խորհրդարանում անցած տարեվերջին առաջին ընթերցմամբ ընդունված Դատական օրենսգրքի նախագծի դեմ, որով դատավորը փաստաբանի նկատմամբ կարող է 100 հազար դրամի տուգանք կիրառել:
Փաստաբան Կարինե Գասպարյանն այսօր միացել է իր գործընկերների բողոքի ակցիային՝ հույսով, որ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները կհարգեն իրենց պահանջն ու Դատական օրենսգրքի նախագծի մեջ կբացառեն իրենց նկատմամբ տուգանքի տեսքով դատական սանկցիա կիրառելու հնարավորությունը։
«Ես այսօր հրավիրված էի Գյումրի՝ նախաքննության և չեմ գնացել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գասպարյանը։
Անցած շաբաթ Փաստաբանների պալատը օրինագիծը դատապարտող հայտարարություն էր տարածել, որին միացել է ավելի քան 1000 փաստաբան։
Փաստաբանների պալատի հյուսիսային ներկայացուցչության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասում է՝ դիմել են պայքարի ավելի կոշտ մեթոդի՝ հույս ունենալով գրավել օրենքի այս փոփոխությունների հեղինակների ուշադրությունը։
«Մենք նաև կոչ ենք արելդրսի մեր գործընկերներին, ովքեր այսօր մեր մարզում դատարաններում, քննչականում, հետաքննչական մարմիններում գործեր ունեն, իրենք նույնպես չմասնակցեն այդ գործերին։ Նաև մենք գրություններ ենք ուղարկել համապատասխան պետական մարմիններին, որպեսզի այս մեր բողոքի ակցիան չընկալեն որպես անհարգալից վերաբերմունք», - ասաց Հակոբյանը։
Փաստաբանների պալատի Լոռու մարզի համակարգող Ադելինա Հակոբյանն ասում է՝ իր նկատմամբ փաստաբանական գործունեության ընթացքում երբևէ դատավորի կողմից սանկցիա չի կիրառվել, սակայն փաստաբաններից պատշաճ վարքագիծ պահանջող օրենքի այս փոփոխությունից մտավախություն ունի։
«Դատարանը, անօրինական կարգով, ենթադրենք, իմ հարցը հանել է հարցաշարից, թույլ չի տվել, որ ես այդ հարցերը տամ, իմ առարկությունները սաստել է։ Այո, սանկցիայի չի հասել, բայց այսօր ես մտավախություն ունեմ, որ հնարավոր է օգտվել այդ օրենքից, որպեսզի ճնշում գործադրեն փաստաբանի վրա։ Այսինքն՝ փաստաբանը մտնում է դատական նիստին՝ ի սկզբանե իմանալով այդ օրենքը, ի սկզբանե ճնշված լինելով», - ասաց Հակոբյանը։
Փաստաբան Կարեն Թումանյանը վստահ է, որ օրենքի այս նորմը, ընդունվելու դեպքում որևէ կերպ չի նպաստելու արդար դատաքննությանը։ Ավելին՝ նշում է, որ սա դատավորներին լայն կամայական վերաբերմունքի մեծ հնարավորություն է տալու։
«Տալիս ես մեկին զենք քո նկատմամբ կիրառելու, որը ինքը դրա արժեքը չգիտի։ Ինքն արդարադատության արժեքը պետք է իմանա, որ արդարադատության նպատակով դա կիրառի։ 37-38 թվականներին կայացվել է մեղադրական դատավճիռ 1 միլիոն 500-ից ավելի, դրանց արդարացման քանակը 13 տոկոս է, մեր երկրում, եթե չեմ սխալվում, 3 տոկոս էլ չի հասնում հիմա, կամ գուցե հիմա 3 տոկոսից մի քիչ ավել։ Էս պայմաններում էս դատավորներին հնարավորություն է տրվել, որ քիչ թե շատ կայացած համակարգում գործող փաստաբանների նկատմամբ որոշեն որ տուգանք կիրառեն։ Հանրության քանի՞ տոկոսն է վստահում դատավորներին, ես կարող եմ ասել, որ շատ ցածր», - ասաց Թումանյանը։
Փաստաբանը շեշտում է՝ դատական նիստերի ժամանակ մեղադրողներն ակնհայտ առավելություն ունեն փաստաբանների նկատմամբ։
«Բոլոր զարգացած երկրներում, եթե փաստաբանը պրոֆեսիոնալէ, ուրեմն իրա ասածը պետք է ընդունեն որպես իրավական ճշմարտություն։ Մեր երկրում, եթե փաստաբանն է ասում, ուրեմն սխալ է, դատախազի ասածն է ճիշտ», - ասաց Թումանյանը։
Լոռեցի փաստաբաններն ասում են՝ այսօրվա գործադուլը նախազգուշական քայլ է իրենց կողմից և պատրաստ են առաջիկայում բողոքի ավելի կոշտ միջոցների դիմել։
«Եթե փաստաբանն իր իրավունքը չկարողանա պաշտպանել, ինչպե՞ս նա պաշտպանի քաղաքացու իրավունքները», - ասաց Ադելինա Հակոբյանը։
Շիրակի մարզի փաստաբաններն էլ նախատեսվող գործադուլի մասին այսօր են հայտարարություն տարածել։ Նրանք իրենց գործունեությունը հունվարի 24-ին մեկ օրով կդադարեցնեն։