Սիրիայի հյուսիսում Թուրքիայի սկսած ռազմական գործողությունը, որը ներառում է օդային հարվածներ և ցամաքային գրոհներ, այսօր էլ շարունակվում է: Թուրքերն այսօր Աազազ ավանից նոր հարձակում են նախաձեռնել: Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Բուրսայում ներկայացրել է Անկարայի ծրագիրը:
«Ո՞րն է մեր նպատակը, մեր մոտ կա՞ 3 և կես միլիոն Սիրիացի, այո՝ կա, մեր նպատակն է մեր 3 և կես միլիոն սիրիացի եղբայրներին հետ ուղարկել Սիրիայի տարածք»,- ասել է Էրդողանը: Նշենք, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով երկիրը լքած փախստականների գերիշխող մասը հենց Թուրքիայում է ապաստանել:
Անկարայի թիվ մեկ մտավախությունն այսօր քրդերն են, ովքեր ոչ միայն Թուրքիայում, այլև Սիրիայում ու Իրաքում են ձգտում ստեղծել ինքնավարության կամ անկախ պետություն: Հետևաբար, ամերիկացիների աջակցությամբ Սիրիայում հենց Թուրքիայի սահմանին քրդական ուժեր ստեղծելու նախաձեռնությունն Անկարան մահացու վտանգ է համարում:
Ակնարկելով սիրիաբնակ քրդերին, Էրդողանն ասել է, որ նրանք հաջողության երբևէ չեն հասնի: «Գիտեք, նրանք ասում են, թե ամերիկացիներն իրենց զենք կտան, կսատարեն: Իմացեք՝ դուք չեք կարող հաղթել Թուրքիային և թուրք ժողովրդին»,- հայտարարել է Էրդողանը, որի երեկվա ելույթը շատ ռազմատենչ էր: «Սա ազգային պայքար է, մենք կջախջախենք բոլոր նրանց, ովքեր կկանգնեն մեր ճանապարհին, դա պետք է հստակ լինի»,- սպառնացել է Էրդողանը:
Սիրիացի քրդերի դեմոկրատական միության համանախագահ Սալիհ Մուսլիմն ասել է, որ շրջանի բնակիչները շատ ծանր գրոհների են ենթարկվում: Նրա փոխանցմամբ, Էրդողանը ստում է, երբ խոսում է Աֆրինից բխող վտանգի և Սիրիայի քրդերի ու Քրդական բանվորական կուսակցության կապերի մասին: «Աֆրինից Թուրքիայի վրա ոչ մի հարձակում չի եղել, նույնիսկ մեկ փամփուշտ չի արձակվել Թուրքիայի ուղղությամբ»,- ասել է Մուսլիմը: Իրաքի քրդերը հայտնել են, որ կցանկանային օգնել Սիրիայի քրդերին, սակայն հիմա դա գործնականում անհնարին է:
Մինչդեռ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, թե Սիրիայում՝ Թուրքիայի և Իրաքի սահմանների մոտ մինչև 30 հազար թվակազմով քրդական անվտանգության ուժեր ստեղծելու՝ ամերիկացիների նախաձեռնությունը կամ իրավիճակը չհասկանալու արդյունք է, կամ էլ միտումնավոր սադրանք: Լավրովի փոխանցմամբ, ամերիկացիները հետագայում ասել են, թե իրենց մտադրությունը սխալ է մեկնաբանվել, սակայն այդ արդարացումները ոչ մեկին չեն համոզել:
Քրդերն այժմ դատապարտում են ոչ միայն թուրքերին, այլև ռուսներին, որոնք իրենց լուռ համաձայնությամբ, փաստորեն, հավանություն են տվել Անկարայի գործողությանը: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները կապի մեջ են ու տեղեկություններ են փոխանակում Սիրիայում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ: Նա հրաժարվել է պարզաբանել՝ արդյո՞ք ռուսական կողմը նախապես գիտեր թուրքերի մտադրության մասին:
Նշենք սակայն, որ Անկարայի ծավալած գործողության նախօրեին թուրքական բանակի և անվտանգության ծառայությունների բարձրաստիճան ղեկավարներն այցելել են Մոսկվա և հանդիպել իրենց ռուս գործընկերներին, իսկ անմիջապես գրոհից առաջ ռուսաստանցի զինծառայողները հեռացել են Սիրիայի հյուսիսային շրջանից:
Պեսկովը միայն պնդել է, որ Մոսկվայի համար կարևորը Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումն է: